WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը հատուկ թողարկմամբ անդրադարձել է արցախյան պատերազմի արդյունքներին։
«Վստահ եմ և անգամ, ապացույցներ ունեմ, որ Ադրբեջանի դրոշի օրվան ընդառաջ Ալիևի հայտարարությանը, որին Բաքուն այդքան պատրաստվում էր, թե «Շուշին վերցվել է ռազմական ճանապարհով», նման բան չի եղել: Սա բացարձակ ճշմարտություն է: Շուշիում այդ պահին գտնվել են Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողները: Իմ տվյալներով՝ խոսքը քաղաքի տարբեր հատվածներում գտնվող մինչև 200 հոգու մասին է»,- հայտարարել է ռուս լրագողը՝ հավելելով, որ անգամ նոյեմբերի 9-ի գիշերը նրանք պատրաստ են եղել առաջ շարժվել և գրոհել:
Նրա խոսքով՝ առավոտյան 5-ի սահմաններում հարյուրավոր զինծառայողներ պատրաստվել են օգնության հասնել Շուշիում գտնվողներին՝ քաղաքը ադրբեջանական խմբերից մաքրելու համար, սակայն ժամը 5-ին նրանք արդեն նահանջի հրաման են ստացել և շուտով իմացել են համատեղ հայտարարության մասին: Խոսելով Շուշիում ադրբեջանցի զինվորների հայտնվելու մասին՝ Պեգովը հայտնել է, որ նոյեմբերի 6-ին մինչև ուշ գիշեր գտնվել է քաղաքում, և այնտեղ ոչ մի ադրբեջանցի չի եղել:
«Շուշիում մարտեր են ընթացել: Ամսի վեցին մենք հայտնվել էինք գրոհի կիզակետում: Այնտեղից դուրս է մղվել 20 հոգուց կազմված խմբավորումը՝ ամենայն հավանականությամբ ադրբեջանական հատուկ ջոկատայիններիի կազմված։ Ամսի 7-ի առավոտյան 6 դիպուկահարի է հաջողվել ներթափանցել Շուշի, որոնց դեմ նույնպես համապատասխան պայքար է մղվել, և նրանց մի մասը վերացվել է»,- նշել է լրագրողը։
Պեգովի խոսքով՝ նոյեմբերի 8-ին Ստեփանակերտի կողմից Շուշիի մուտքի մոտ արդեն ադրբեջանական ուժեր եղել են, մարտերը շարունակվել են, ադրբեջանցի զինվորականներին շարունակել են վերացնել:
«Այնուամենայնիվ, առանձին խմբերի հաջողվել է ներխուժել Շուշի: Սակայն այն հայտարարությունները, որ Շուշին գրավվել է, իրականությանը չի համապատասխանում: Արցախի պաշտպանության բանակի զինվորները քաղաքից դուրս են եկել միայն ռուս խաղաղապահների գալով»,- նշել է Պեգովը:
Լրագրողի խոսքով՝ երբ հայտնի դառնան, թե որքան կորուստ ունի ադրբեջանական կողմը, Ադրբեջանի ժողովուրդը շոկ կապրի․ ««Դժոխքի ձորում» ադրբեջանցիների մեծ կորուստներ են կրել, Ալիևը մարդկանց չի խնայել։ Այնտեղ մեծ ուժեր էին կենտրոնացվել տարբեր վայրերից։ Ադրբեջանական կողմը Շուշիում 1000-ից ավելի զոհ է տվել»։
Նա նշել է, որ ինքը չգիտի, թե կարող էր արդյոք Արցախի պաշտպանության բանակը ավելի շատ ուժեր կենտրոնացնել և մաքրեր Շուշին ադրբեջանցիներից։
Մանրամասները՝ տեսանյութում