«Հանրապետություն» կուսակցությունը հույս է հայտնում, որ նոյեմբերի 26-ին Ֆրանսիայի Սենատը, ապա նաև Ազգային ժողովը կճանաչեն Արցախի Հանրապետությունը

«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

««Հանրապետություն» կուսակցությունը ողջունում է ԵՍՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի և անձամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ջանքերը՝ աջակցելու հետպատերազմյան փխրուն խաղաղության պահպանմանը՝ ֆրանսիացի խաղաղապահների մասնակցությամբ, գոհունակությամբ փաստում է, որ հենց Փարիզը դարձավ Արցախի Հանրապետությունը ճանաչած եվրոպական առաջին մայրաքաղաքը` ի թիվս Ֆրանսիայի 21 քաղաքների, և հույս է հայտնում, որ նոյեմբերի 26-ին Ֆրանսիայի Սենատը, ապա նաև Ազգային ժողովը կճանաչեն Արցախի Հանրապետությունը՝ նպաստելով Արցախի հարցի հետագա բանակցություններում հայկական շահերի պաշտպանությանը:

«Հանրապետություն» կուսակցությունը հույս է հայտնում, որ Ռուսաստանի Դաշնությունը ևս կճանաչի Արցախի Հանրապետությունը, ինչպես ակնարկում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև ԱՄՆ-ը՝ 2021թ.-ի հունվարի 22-ին նորընտիր նախագահի պաշտոնակալությունից հետո:

Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը սոսկ հրադադարի համաձայնություն է, որտեղ հայկական շահերը ընդհանրապես անտեսված են, և դատելով անցած տասնօրյակի գործընթացներից՝ շարունակում են անտեսվել: «Հանրապետություն» կուսակցությունը գտնում է, որ հարցի վերջնական լուծումը պետք է տրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ բացառելով ձևաչափի որևէ փոփոխություն, առավել ևս Թուրքայի մասնակցությունը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել