Հարությունը երեկ իր ընկերների հետ թաղվեց Եռաբլուրում․ Արցախ մեկնելիս ասաց, միայն թե անօդաչուի հարվածից չզոհվեմ․ Նաիրի Սարգսյան

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը հայտնում է․

«Հարութ իմ ճանաչած ամենահայրենասեր մարդն էր, չափազանց համարձակ, համեստ և ռազմական գործի հմուտ մասնագետ: Երկար տարիներ Սիրիայում ղեկավարել է հայաբնակ Հալեպի ինքնապաշտպանությունը:

2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Հարութը եկավ Արցախ։ Նա շրջում էր խրամատներում և արժեքավոր խորհուրդներ էր տալիս, օրինակ՝ ինչպես կահավորել կրակակետը, որ դիպուկահարի թիրախ չդառնան:

Հայաստանում հրթիռ էր նախագծում և արտադրում, որի փորձարկմանը վարչապետի հետ ներկա ենք եղել անցյալ տարի: Պատերազմ մեկնող տղաների հետ արագացված վարժանքներ էր անցկացնում զորամասերից մեկում։ Պատմում են, որ զորամասի շտաբի պետը հեռվից հետևել է գետնի վրա վարժություններ անող տղաներին և այնպես ոգևորվել Հարութի եռանդով, որ մոտեցել է նրան և հարցրել՝ կարելի է՞ ես էլ ձեզ հետ մարզվեմ, և միացել է վարժանքներին:

Հարութը զինվորական կոչում չուներ, բայց բոլորն իրեն հարգում և պատվի էին առնում:

Դրոն վարելու դասընթացներ էր անցկացում, սովորեցնում ինչպես անտառում հայտնաբերել թշնամու ջոկոտներին, շրջափակել և ոչնչացնել: Նա մատը դնում էր գլխին և իր՝ սիրիացու հաճելի ակցենտով ասում` «Պետք է մեր միտքը օգտագործենք, միայն ավտոմատով չենք կարող հաղթել»:

Արցախ մեկնելիս ասաց, միայն թե անօդաչուի հարվածից չզոհվեմ, հասցնեմ խնդիր լուծել: Իրեն նվիրված մյուս սիրիահայ տղաների հետ մեկնում է հատուկ առաջադրանքներ կատարելու, շատ լուրջ հաջողություններ է ունենում, ոչնչացնում է հակառակորդի մեծաթիվ խմբերի, ապա հերոսի մահով զոհվում Շուշիում:

Հարություն Եղիայի Բանոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Երեկ նա իր ընկերների հետ թաղվեց Եռաբլուրում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել