Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 30-ին որոշում է ստորագրել, որի համաձայն «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» նոր օրենքի նախագծի մշակման և հարակից իրավական ակտերի արդիականացման աշխատանքներն իրականացնելու նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ։
Հաստատվել է դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
«Սույն որոշման հավելվածում նշված պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին՝ աշխատանքային խմբում քննարկելու համար սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2020 թվականի նոյեմբերի 27-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացնել առաջարկություններ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի և հարակից այլ իրավական ակտերի արդիականացման վերաբերյալ:
Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) ապահովել պետական կառավարման մարմինների կողմից ներկայացված առաջարկությունների քննարկումը աշխատանքային խմբի կողմից.
2) մինչև 2020 թվականի դեկտեմբերի 25-ն ամփոփել համապատասխան պետական կառավարման համակարգի մարմինների կողմից ներկայացված առաջարկությունների վերաբերյալ աշխատանքային խմբի քննարկումների արդյունքները.
3) մինչև 2021 թվականի փետրվարի 1-ը՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» նոր օրենքի նախագիծը և հարակից իրավական ակտերի նախագծերը»,-ասված է որոշման մեջ: