Թուրքական F-16 ինքնաթիռներ են նույնականացվել Ադրբեջանի Գաբալա ավիաբազայում

Ադրբեջանի Գաբալա ավիաբազայում նույնականացվել են թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի «Ֆեյսբուք»-ի էջը:

«Թուրքական/ՆԱՏՕ-ական լրացուցիչ F-16-եր են նույնականացվել Ադրբեջանի Գաբալա ավիաբազայում»,- ասված է գրառման մեջ, որին կից հրապարակվել է Գաբալայի ավիաբազայում F-16 կործանիչների առկայությունը ֆիքսած արբանյակային լուսանկար:

Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ F-16 ինքնաթիռները Գաբալայի ավիաբազայում հայտնաբերել է ամերիկյան արբանյակային Maxar Technologies ծառայությունը:

«6 միավոր ինքնաթիռներն այնտեղ են եղել մոտ մեկ շաբաթ առաջ»,- գրել է Ներսիսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության օդային տարածքում թուրքական F-16 ինքնաթիռի կողմից խոցվել է հայկական ՍՈՒ-25 ինքնաթիռը: Օդաչուն հերոսաբար զոհվել է:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել