Բանկը պարտավոր է Կենտրոնական բանկի նախնական հավանությունը ստանալու օրվանից մեկ տարվա ընթացքում լիցենզիա ստանալու համար դիմել Կենտրոնական բանկ:
Դիմումը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկը գրանցված բանկին կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղին լիցենզիա է տալիս, եթե բավարարվել են հետևյալ պայմանները`
ա) Կենտրոնական բանկի կողմից սահմանված` բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափի լրիվ համալրումը.
բ) բանկային գործունեության համար ձեռք բերված կամ վարձակալված տարածքը և նրա տեխնիկական հագեցվածությունը համապատասխանում է Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջներին և բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գործունեության տնտեսական ծրագրին.
գ) ստեղծվել են բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ներքին կազմակերպական կառուցվածքը և գործառնական համակարգը.
դ) բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ղեկավարների, բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների որակավորումը, մասնագիտական համապատասխանությունը բավարարում են Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջներին: Կենտրոնական բանկը կարող է քննել բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ղեկավարներին` նրանց մասնագիտական համապատասխանությունը պարզելու նպատակով.
ե) օտարերկրյա բանկի մասնաճյուղի համար` նաև օտարերկրյա բանկի գրանցման կամ հիմնական գործունեության վայրի երկրում բանկային վերահսկողության պետական մարմնի համաձայնությունը Հայաստանի Հանրապետության բանկային գործունեություն իրականացնելու համար.
զ) Կենտրոնական բանկի կողմից սահմանված այլ պայմաններ:
Կենտրոնական բանկի կողմից պահանջվող բանկային գործունեության լիցենզիա ստանալու համար` որոշակի այլ պայմանների բավարարման համար լիցենզիա տալու դիմումի քննության մեկամսյա ժամկետը կարող է կասեցվել:
Կենտրոնական բանկը կարող է մերժել բանկին լիցենզիայի տրամադրումը, եթե, համաձայն իր սահմանած պայմանների, լիցենզիայի նախնական հավանություն տալուց և բանկի գրանցումից հետո էապես փոփոխվել են այն պայմանները, որոնց առկայության պարագայում բանկին տրվել էր նախնական հավանությունը, և (կամ) բանկը գրանցելուց հետո բանկի ղեկավարների կողմից իրականացվել են ապօրինի, վարկաբեկիչ գործողություններ, փոփոխվել է բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց ֆինանսական դրությունը:
Մեկ տարվա ընթացքում Կենտրոնական բանկ չդիմելու դեպքում Կենտրոնական բանկի նախնական հավանությունը և գրանցումը ուժը կորցնում են:
Աղբյուրը` Իրավաբան.net