Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Գոռ Մ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. ամռանը իր տնամերձ հողամասի վերջնամասում վայրի ձևով աճած կանեփի բույսից առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար, ապօրինի պատրաստել է զգալի չափերի` ընդհանուր 0527գրամ քաշով չորացված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց և ապօրինի պահել իր ավտոմեքենայի փոխանցման տուփի բռնակի մոտ, որը 09-01-2013թ. հայտնաբերվել է ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատակիցների կողմից նրա ավտոմեքենայի զննությամբ:
Այսինքն Գոռ Մ.-ը մեղադրվում է ՀՀ քրերական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման մեջ, համաձայն որի՝ առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում իրականացվում է Արմավիրի մարզի դատախազության կողմից:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net