«KIRBY» ապրանքային նշանը ՀՀ-ում «Տուգա Քամփնի» ՓԲԸ-ի կողմից չի կարոող գրանցվել

«Տուգա Քամփնի» փակ բաժնետիրական ընկերությունը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ մտավոր սեփականության գործակալության` վերջինիս «KIRBY» ապրանքային նշանի գրանցումը մերժելու վերաբերյալ 2012 թվականի հունվարի 23-ի որոշումն անվավեր ճանաչելու և այդ ապրանքային նշանը «Տուգա Քամփնի» փակ բաժնետիրական ընկերության անվամբ գրանցելուն պարտավորեցնելու պահանջների մասին։

25.08.2011 թվականին Ընկերությունը ապրանքային նշանը գրանցելու հայտ է ներկայացրել Գործակալություն` խնդրելով գրանցել «KIRBY» ապրանքային նշանը` ԱԾՄԴ 35-րդ և 37-րդ դասերում։ Գործակալությունը 15.09.2011 թվականին որոշում է կայացրել` հայտը հրապարակելու և ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին։ Այնուհետև Գործակալությունը 22.11.2011 թվականին որոշում է կայացրել` ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին։ Որպես մերժման հիմք Գործակալությունը նշել է` «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի և «Ապրանքային նշանների հայտերը լրացնելու, ներկայացնելու և քննարկելու» կարգի 107-րդ մասի 14-րդ կետի համաձայն` ապրանքային նշանի գրանցումը ենթակա է մերժման, եթե այն կարող է շփոթություն առաջացնել հայտի ներկայացման թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կամ նրա տարածքից դուրս օգտագործվող ապրանքային նշանի նկատմամբ, որը դեռևս օգտագործման մեջ է գտնվում, պայմանով, որ հայտը ներկայացնելիս հայտարարատուն գործել է անբարեխիղճ։ Հայտատուի գործողությունը համարվում է անբարեխիղճ, եթե հայտը ներկայացնելու պահին հայտատուն գիտեր կամ կարող էր իմանալ այդպիսի ապրանքային նշանի առկայության մասին։ Տվյալ դեպքում հայտարկված «KIRBY» ապրանքային նշանը չի կարող գրանցվել, քանի որ այն շփոթելու աստիճան նման է ամերիկյան ընկերության «KIRBY» նշանին, որը գովազդվում է www.kirby.com կայքում և, որի մասին հայտատուն կարող էր իմանալ։ Համաձայն չլինելով Գործակալության որոշման հետ` 14.12.2011 թվականին դիմում է ներկայացրել Գործակալության բողոքարկման խորհրդին` խնդրելով գրանցել «KIRBY» ապրանքային նշանը։

Գործակալությունը կրկնակի փորձաքննություն է կատարել և իր 23.01.2012 թվականի որոշմամբ որոշել է. «հիմք ընդունելով «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ մասի 11-րդ մասը, ուժի մեջ թողնել մերժման որոշումը»։

Հայցվոր կողմը չի վիճարկել այն փաստը, որ «KIRBY» ապրանքային նշան է գրանցված նաև ամերիկյան ընկերության անունով։ Հետևաբար այն փաստը, որ «KIRBY» ապրանքային նշանը ավելի վաղ, այն է` Ընկերության կողմից համապատասխան հայտ ներկայացնելու դրությամբ, արդեն իսկ որպես ապրանքային նշան գրանցված է եղել այլ ընկերության անունով, դատարանը համարել է հաստատված հանգամանք։ Հետևաբար Ընկերության կողմից ներկայացված ապրանքային նշանը ակնհայտորեն շփոթություն կառաջացնի ամերիկյան ընկերության նույնական` «KIRBY» ապրանքային նշանի նկատմամբ։

Ակնհայտ է, որ «KIRBY» ապրանքային նշանը ոչ թե «կարող է շփոթություն առաջացնել հայտի ներկայացման թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետության կամ նրա տարածքից դուրս օգտագործվող ապրանքային նշանի նկատմամբ, որը դեռևս օգտագործման մեջ է», ինչպես նշված է օրենքում, այլ անմիջականորեն նույնությամբ կրկնում է այդ նույն անվամբ գրանցված ապրանքային նշանը, որը պատկանում է ամերիկյան ընկերությանը և որը Ընկերության կողմից հայտի ներկայացման թվականի դրությամբ արդեն իսկ գրանցված է եղել և դեռևս գտնվում է օգտագործման մեջ։

Ակնհայտ է, որ Ընկերությունը կարող էր իմանալ «KIRBY» ապրանքային նշանի առկայության մասին, որն էլ ապացույց է այն բանի, որ նա գործել է անբարեխիղճ` հայտ ներկայացնելով այնպիսի անվանումով ապրանքային նշանի գրանցման մասին, որն արդեն իսկ որպես այդպիսին գրանցված է եղել ամերիկյան ընկերության անվամբ։

Ուստի դատարանը վճռեց հայցը մերժել։ Ներկայումս ընկերությունը դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ՀՀ վերանաքննիչ վարչական դատարան:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել