Պարզել է, որ ԱՄՆ-ում լինելու ընթացքում կեղծ փաստաթղթերով սեփականացրել են իր տունը

Գրիգոր Խաչերյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետի՝ Երևանի քաղաքապետի 2008 թվականի մարտի 27-ի թիվ 1399-Ա որոշումն անվավել ճանաչելու պահանջով։

Գրիգոր Խաչերյանը 1970-1976 թվականներին Երևանի Այգեստան 11-րդ փողոց 1-ին նրբանցք թիվ 5 հասցեում գտնվող տան հարևանությամբ` առանձին հողակտորի վրա, կառուցել է նոր բնակելի տուն։ 1992 թվականին հայցվորն ընտանիքով մեկնել է ԱՄՆ բնակվելու։ Հայցվորը քրոջ` Ազատուհի Խաչերյանի հետ եկել է համաձայնության առ այն, որ Ազատուհի Խաչերյանը բնակվելու է հայցվորի տանը` միևնույն ժամանակ պարտավորվելով կատարել բոլոր կոմունալ վճարումները, անհրաժեշտության դեպքում տունը օրինականացնելու եղբոր երեխաների` Մանվել և Կարինե Խաչերյանների անունով։ Համաձայն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տեղեկանքի` մինչև ԱՄՆ մեկնելը Գրիգոր Խաչերյանը հաշվառված է եղել Երևան, Այգեստան 11-րդ փողոց 1-ին նրբանցքի թիվ 5 հասցեում, հաշվառումից հանվել է 1992 թվականի փետրվարի 04-ին։ 2003 թվականի ապրիլին հայցվորը դիմել է Լոս Անջելոսում ՀՀ գլխավոր Հյուպատոսություն ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու խնդրանքով։ 2003 թվականի մայիսի 13-ին ՀՀ անձնագիր է տրվել Գ.Խաչերյանին և ՀՀ-ում մշտական բնակության համար նրան վերցրել են հյուպատոսական հաշվառման։ 2003 թվականին վերադառնալով Երևան` ԱՄՆ-ի քաղաքացի և ՀՀ քաղաքացիության հատուկ կարգավիճակ ունեցող Գրիգոր Խաչերյանը, 2004 թվականի փետրվարի 05-ին դիմել է Երևանի քաղաքապետին և խնդրել Այգեստան 11-րդ փողոց 1-ին նրբանցք թիվ 5 հասցեում գտնվող տան տարածքում գտնվող թիվ 5/2 տունն օրինականացնել իր անունով, սակայն իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված շինությունների օրինականացումը թույլատրող օրենքի բացակայության պատճառով Գ.Խաչերյանի խնդրանքը մերժվել է։

2009 թվականի սեպտեմբերին, հիմք ընդունելով 2008 թվականի հունիսի 28-ի «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին ՀՀ օրենքը գործողության մեջ մտնելու հանգամանքը, հայցվորի ներկայացուցիչը դիմել է Երևանի քաղաքապետին` խնդրելով գործող օրենքի սահմաններում օրինականացնել Այգեստան 11-րդ փողոց 1-ին նրբանցքի թիվ 5/2 տունը Գ.Խաչերյանի անունով։ Սակայն Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 2009 թվականի դեկտեմբերի 09-ի թիվ 20-ել-13433 պատասխան գրությամբ մերժվել է խնդրանքը և հայտնվել է, որ առկա է վեճ։

Վեճի լուծման համար Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացվել է հայցադիմում, որը 2010 թվականի մարտի 30-ին ընդունվել էր վարույթ։ Դատական նիստի ընթացքում պատասխանող կողմը դատարան է ներկայացրել Երևանի քաղաքապետի որոշում, որից հայտնի է դարձել, որ Ազատուհի Խաչերյանի ամուսինը` Ամասիկ Մանասերյանը, կեղծելով փաստերը և թաքցնելով քաղաքապետարանից իր կնոջ կողմից գրված պարտավորագիրը, որով նրանք պարտավորվել էին վերոնշյալ տունը սեփականաշնորհելիս այն ձևակերպել Գ.Խաչերյանի երեխաների անունով, Երևանի քաղաքապետարան է ներկայացրել կեղծ փաստաթղթեր և 2008 թվականի մարտի 27-ի 1399-Ա որոշմամբ սեփականաշնորհել նշված անշարժ գույքը։

Սույն գործով դատարանը վճռեց Գրիգոր Խաչերյանի հայցը բավարարել։ Անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 2008 թվականի մարտի 27-ի թիվ 1399-Ա որոշումը։

Սույն գործի քննությունը շարունակվում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել