Սեպտեմբերի 15-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու փողոցում ոստիկանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ոստիկանությունից հայտնում են, որ, ոստիկանության պետի հանձնարարությամբ, անմիջապես սկսվել է ծառայողական քննություն, որի արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը:
«Ոստիկանությունը միշտ հետևողական է եղել նման երևույթները կանխելու և բացառելու հարցում և այսուհետ էլ ամենայն խստությամբ է արձագանքելու այդպիսի ցանկացած դրսևորման, որ կարող է խաթարել ոստիկանություն-հասարակություն կապի և օրինականության ամրապնդման գործընթացը»,- հայտնում են ոստիկանությունից:
Երեկ երեկոյան «Առավոտը» գրել էր. «Քիչ առաջ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու փողոցում հրմշտոց, քաշքշոց ու կռիվ էր: Մի քանի ոստիկաններ մի կնոջ էին բռնել՝ դիմակի համար: Վերջինս էլ պնդում էր, թե ինքը դիմակ կրել է: Ոստիկանները թույլ չէին տալիս, որ կինը գնա, ասում էին՝ սպասեք մեքենան գա, կինն էլ դժգոհում էր՝ «ի՞նչ մեքենա, հանցագո՞րծ եմ…ինձ վատ եմ զգում, թողեք գնամ»: Հետո կինը սկսեց գոռգոռալ, լաց լինել: Բանը հասավ նրան, որ խառնվեցին թաղի տղաներ, նրանք հորդորում էին ոստիկաններին կնոջ հետ ինչպես հարկն է խոսել. «Ո՞նց եք խոսում կնոջ հետ, ներվայնացրել եք»: Ոստիկանները կնոջ թևից բռնած՝ փորձում էին բերման ենթարկել, նա ասում էր՝ «թևս ջարդած ա»»: