Ստյոպա Սաֆարյանի արձագանքը՝ 1in.am լրատվական կայքի յութուբյան ալիքի անհասանելիության վերաբերյալ

Հանրային խորհրդի նախագահ Ս․Սաֆարյանի արձագանքը 1in.am լրատվական կայքի յութուբյան ալիքը հանրությանն անհասանելի դարձնելու կապակցությամբ․

«1in.am լրատվական կայքի կողմից ժամեր առաջ հրապարակված տեղեկատվությունն այն մասին, որ կայքի յութուբյան ալիքը՝ ավելի քան 200 հազար բաժանորդագրությամբ, արգելափակվել է, լուրջ մտահոգության առիթ պետք է լինի ոչ միայն լրատվամիջոցի, այլև պատկան այն մարմինների համար, որոնք կոչված են ապահովելու ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքը՝ ստանալու տեղեկություններ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին: Լրատվամիջոցի այն պնդումը, թե «…հեռուստատեսային հարթակի գործունեությունը հիմնավորապես կասեցնելու և նրա ձայնը լռեցնելու համար կատարվել է թիրախավորված խմբակային հարձակում, որն իրականացվել է լրատվամիջոցի բովանդակության մեծ մասի հետ անհամաձայն Հայաստանի նախկին իշխանավորների և նրանց նորընծա սատելիտների ֆեյքային ֆաբրիկաների կողմից», քննության նյութ պետք է դառնա մասնավորապես օրինապահ մարմինների համար, քանի որ նման պնդումների առիթ են հանդիսացել նաև նախկինում տեղի ունեցած, բայց չպարզաբանված նմանօրինակ դեպքերը:

Համապարփակ ուսումնասիրության և հետևողական քննության են արժանի լրատվամիջոցի այն կասկածները, թե յութուբյան հեռուստատեսային հարթակի արգելափակումն ինչ-ինչ աղերսներ ունի քաղաքական այս կամ այն կողմնորոշմամբ անհատների ու խմբերի միտումնավոր բողոքների և միջնորդությունների հետ, որոնք ուղղված լինելով կոնկրետ լրատվամիջոցի դեմ՝ միևնույն ժամանակ նպատակ ունեն սահամանափակելու բազմակողմ լրատվություն ստանալու լայն հանրության իրավունքը:

Կոչ եմ անում ինչպես իրավապահ մարմիններին, այնպես էլ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին՝ հետևողական լինել խնդրի ամբողջական ուսումնասիրմանը, ինչպես նաև կիրառել պատասխանատվության ենթարկելու համապատասխան գործիքակազմեր, եթե լրատվամիջոցի բնականոն աշխատանքային գործընթացի դեմ նպատակաուղղված արհեստական խոչընդոտներ ստեղծելու կասկածները կհաստատվեն:

Որպես ՀՀ Հանրային խորհրդի նախագահ՝ իմ պատրաստակամությունն եմ հայտնում աջակցել 1in.am լրատվական կայքին և հանրությանն օբյեկտիվ և բազմակողմանի լրատվություն մատուցելու անաչառ նպատակադրում ունեցող մյուս լրատվամիջոցներին՝ հարթելու իրենց գործունեության ընթացքում ծագող անհարկի խնդիրներն ու խոչընդոտները:

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ
Ստյոպա Սաֆարյան»,-նշված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել