Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան հայտարարություն է տարածել Արուսյակ Մկրտչյանի ( DJ Վակցինա) երեխայի գործի և օրենսդրական բացերի վերաբերյալ։
«Արուսիկ Մկրտչյանը (հանրային դաշտում ավելի հայտնի որպես DJ Վակցինա) արդեն մի քանի օր է սոցիալական ցանցերում բարձրաձայնում է, որ իր երեխայի հայրը՝ իրենից առանձին բնակվող Ռուբեն Խաչատրյանը, վերցրել է երեխային, և մայրը որևէ տեղեկություն չունի փոքրիկի գտնվելու վայրի ու որպիսության մասին։ Արուսյակ Մկրտչյանի փոխանցմամբ՝ երեխան վատառողջ է և հատուկ խնամքի կարիք ունի, ուստի մայրն անհանգիստ է նաև երեխայի առողջական վիճակից ելնելով։ Այս ժամանակահատվածի ընթացքում մայրը բախել է բոլոր դռները, սակայն որևէ պատկան մարմին չի փորձել օգնել նրան։
Ստեղծված իրավիճակն առավել խնդրահարույց է ներպետական օրենսդրական կարգավորումների անկատարության արդյունքում։
Առհասարակ, երեխան ունի իր ծնողների հետ շփվելու իրավունք, և ծնողների ամուսնության դադարեցումը, այն անվավեր ճանաչելը կամ նրանց առանձին բնակվելը չի սահմանափակում երեխայի այդ իրավունքը։ Միաժամանակ, երեխայից առանձին ապրող ծնողն էլ իրավունք ունի երեխայի հետ շփվելու, սակայն մշտապես անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ծնողական իրավունքներն իրականացնելիս ծնողներն իրավունք չունեն վնաս պատճառելու երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջությանը, և ծնողական իրավունքները չեն կարող իրականացվել երեխաների շահերին հակառակ։
Հայաստանում մինչ դատական կարգով երեխայի նկատմամբ խնամակալության վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը փաստացի որևէ կառույց հարցի լուծման կապակցությամբ օժտված չէ օրենսդրական հստակ լծակներով։ Հանրապետության տարածքում խնամակալության և հոգաբարձության մարմինների լիազորությունների շրջանակը ևս սահմանափակ է, և նշված մարմինները մերձավոր ազգականների հետ երեխային շփվելու հնարավորություն տալուց ծնողների կամ նրանցից մեկի մերժման դեպքում կարող են պարտավորեցնել ծնողներին կամ նրանցից մեկին չխանգարելու այդ շփմանը։ Իր հերթին, Քրեական օրենսգիրքը ծնողի կողմից երեխային առևանգելու վերաբերյալ որևէ դրույթ ևս չի սահմանում։
Այս առումով միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ընտանեկան հարցերով մասնագիտացված դատարանները, գնահատելով իրավիճակն ու առաջնորդվելով երեխայի լավագույն շահի սկզբունքով, հնարավոր սեղմ ժամկետներում կարող են որոշում կայացնել (child recovery order)` պարտադրելու երեխային հետ վերադարձնել։
Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն նշված ընթացակարգի բացակայությունը, այլև առհասարակ երեխայի լավագույն շահի պաշտպանության երաշխիքի բացակայությունն ինքնին առավել խնդրային է դարձնում երեխաների վերաբերյալ ցանկացած որոշման կայացում։
Այս առումով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2015 թվականի մայիսի 6-ի № 2056 (2015) բանաձևով անդամ պետություններին կոչ է անում ապահովել, որ երեխաների՝ որպես իրավունքի ինքնուրույն սուբյեկտների լավագույն շահերն առաջնային ուշադրության արժանանան երեխաների պաշտպանությանն ու զարգացմանը միտված ցանկացած հանրային կամ մասնավոր գործողության շրջանակներում։
Համանման կարգավորումներ են նախատեսված նաև ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայով[6], ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի տեսանկյունից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներում[7], համաձայն որոնց՝ պետական իրավասու մարմինների, այդ թվում նաև` դատարանների կողմից երեխայի խնամքի և դաստիարակության վերաբերյալ վեճերի լուծման համար վճռորոշ նշանակություն ունի երեխայի լավագույն շահը, որի գնահատումը կախված է կոնկրետ գործի հանգամանքներից։
Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ պետությունը պետք է հրատապ քայլեր ձեռնարկի ներդնելու ընթացակարգային կարգավորումներ, որոնք կապահովեն երկուստեք երեխայի լավագույն շահի ապահովումն ու ծնողների իրավունքների պաշտապանությունը»,-նշված է հայտարարության մեջ։