«Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերի նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել

Քաղաքաշինության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀՇՆ 20.04- «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերի նախագիծը։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով շինարարական նորմերի նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ վտանգի գոտիավորման քարտեզի փոփոխությամբ, ինչպես նաև գործող նորմերի պահանջները միջազգայնորեն ընդունված սկզբունքներին համահունչ արդիականացման, միջազգային և եվրոպական նորմերին ու ստանդարտներն ներդաշնակեցման անհրաժշտությամբ:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 1988թ. Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերլուծության արդյունքների հիման վրա 1994 թվականին մշակվել են սեյսմակայուն շինարարության ազգային նորմեր՝ ՀՀՇՆ II-2.02-94, փոխարինելով նախկին ԽՍՀՄ СНИП II-7-81* նորմերին: Նշված նորմերը 1998 թվականին լրացվել են՝ ներառելով տրանսպորտային և հիդրոտեխնիկական կառուցվածքներին վերաբերող բաժինները և վերանայվել է 2006 թվականին, անփոփոխ թողնելով նորմերի բաղկացուցիչ մաս կազմող Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ վտանգի գոտիավորման քարտեզը, որը կազմվել է 1994 թվականին:

2018 թվականին Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ Միջազգային կոնսորցիումի կողմից, որի կազմում ներգրավվել են երեք ընկերություններ` «Էյ. Այ. Ար. Վորլդվայդ Կորպորեյշն» (կոնսորցիումի ղեկավար, ԱՄՆ), «Գլոբալ Էրսքվեյք Մոդել ֆոնդեյշն» (Իտալիա), «ԳԵՈՌԻՍԿ» գիտահետազոտական փակ բաժնետիրական ընկերությունը (Հայաստան), կազմվել է Հայաստանի Հանրապետության տարածքի երկարաժամկետ սեյսմիկ վտանգի հավանականային գնահատմամբ 1:500000 մասշտաբի նոր քարտեզ, որը հաստատվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 2018 թվականի հոկտեմբերի 27-ի N 1261-Ն հրամանով:

Նոր քարտեզի համաձայն փոփոխության են ենթարկվել հանրապետության սեյսմիկ գոտիների տարածքները և դրանցում հավանական սեյսմիկ վտանգի բնութագրերը: Նոր քարտեզի համաձայն հանրապետության տարածքը նույնպես բաժանված է երեք սեյսմավտանգ գոտիների: Ընդ որում, ՀՀՇՆ II-6.02-2006 «Սեյսմակայուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերում ընդունված 1-ին, 2-րդ, 3-րդ գոտիներին համապատասխանող գրունտների սպասվելիք հորիզոնական արագացումների առավելագույն մեծությունները՝ 0,2g, 0,3g, 0,4g (որտեղ g-ն ազատ անկման արագացումն է՝ g=1000սմ/վրկ2), համապատասխանաբար վերագնահատվել են 0,3g, 0,4g, 0,5g: Տվյալ ուժգնության երկրաշարժերի կրկնողության պարբերականությունն ընդունված է 475 տարվա՝ 50 տարվա ընթացքում ուժգնության մեծության 10%-ով գերազանցման հավանականությամբ:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տարածքի երկարաժամկետ սեյսմիկ վտանգի գոտիավորման նոր քարտեզի փոփոխություններով պայմանավորված շենքերի և կառույցների երկրաշարժադիմացկունության (սեյսմակայունության) ապահովման խնդիրները, 2006 թվականից հետո աշխարհում տեղի ունեցած նոր երկրաշարժերն ու դրանց ուսումնասիրության արդյունքները, վերջին տարիների ընթացքում տարբեր սեյսմաակտիվ երկրներում կատարված գիտական և փորձարարական հետազոտությունների վերաբերյալ մասնագիտական պարբերականներում և գրականության մեջ հրատարակված արդյունքներն ու առաջատար երկրների պարբերաբար փոփոխվող նորմատիվատեխնիկական փաստաթղթերում սահմանված պահանջները, հանրապետությունում կիրառվող նոր շինարարական նյութերի առանձնահատկություններն ու տեխնոլոգիաների զարգացումը, ինչպես նաև շենքերի և կառույցների երկրաշարժադիմացկուն նախագծման նոր մեթոդների կիրառությունը՝ գործող նորմերը վերանայման և արդիականացման կարիք ունեն:

Նախագծով սահմանվել են ՀՀ-ում գործող այլ փոխկապակցված նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջների հետ փոխհամաձայնեցված մի շարք նոր նորմատիվ դրույթներ ու պարտադիր կիրառման ենթակա պահանջներ, որոնք նպատակաուղղված են տարբեր գործառական նշանակության և կոնստրուկտիվ համակարգի շենքերի ու կառույցների նախագծման, կոնստրուկցիաների երկրաշարժադիմացկունության և հուսալիության մակարդակի բարձրացմանը: Վերանայվել են գործող ՀՀՇՆ II-6.02-2006 «Սեյսմակայուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերի համապատասխան դրույթներն ու պահանջները: Արդյունքում, նոր քարտեզի համաձայն, համապատասխան փոփոխությաններ և լրացումներ են կատարվել «Սեյսմիկ գոտիների և գրունտների դասակարգումը» գլխում: Քանակական փոփոխությունների են ենթարկվել անհամասեռ հիմնատակերն ըստ սեյսմիկ հատկությունների դասակարգման ցուցանիշները և գրունտային պայմանների գործակիցները: Երկրաշարժի ժամանակ ոչ կապակցված գրունտների «ջրիկացման» հետևանքով դրանց կայունության կորուստի հետևանքներից խուսափելու նպատակով նորմերի նախագծում բերված են գրունտի «ջրիկացման» հավանականության կախվածությունը նրա ջրախոնավային վիճակից, մասնիկների չափերից և երկրաշարժից գրունտում առաջացած արագացումների մեծություններից:

«Հաշվարկային սեյսմիկ բեռնվածքներ» գլխում փոփոխություններ են կատարվել հաշվարկային սխեմաների սահմանման և ժամանակակից համակարգչային հաշվողական ծրագրային համալիրների օգտագործման մասով: Դինամիկության գործակցի համար տրվել է ճշտված սահմանումը և կախվածությունը կառույցի ազատ տատանումների պարբերությունից՝ տարբեր կարգի գրունտների համար: Շեշտադրվում է, որ հարկերի տեղափոխությունների և շեղվածքների հաշվարկային մեծություններն անուղակի ձևով հաշվի են առնում կառույցի առաձգապլաստիկ աշխատանքը իրական երկրաշարժի ժամանակ, ինչը պայմանավորված է թույլատրելի վնասվածքների գործակցի չափով իրական սեյսմիկ ուժերը փոքրացնելու հանգամանքով: Փոփոխության են ենթարկվել թույլատրելի վնասվածքների և շենքերի ու կառույցների պատասխանատվության աստիճանի գործակիցների մեծությունները: Փոփոխություններ են մտցվել տատանումների բարձր ձևերի հաշվառման դրույթներում: Տրվել են իրական կամ արհեստական աքսելերոգրամների կիրառությամբ կառույցում առաջացող սեյսմիկ ուժերի, տեղափոխությունների և առաջին հարկի մակարդակում լայնական կտրող ուժի (արտահայտված կառույցի տատանման ձևերի այսպես կոչված «մոդալ զանգվածներով») մեծությունների հաշվարկման բանաձևերը:

Նշանակալի փոփոխություններ են կատարվել «Բնակելի, հասարակական և արտադրական շենքեր և կառույցներ» գլխում: «Նախագծման հիմնական սկզբունքներ» բաժնում տարբեր կոնստրուկտիվ համակարգի շենքերի նախագծման սկզբունքների վերաբերյալ սահմանվել են նոր պահանջներ՝ մասնավորապես, շենքի կամ կառույցի հատակագծային չափերի սահմանափակումների, տարբեր կոնստրուկտիվ համակարգի շենքերի սահմանային հարկայնության և բարձրության վերաբերյալ և այլն: Նոր հաշվարկային և կոնստրուկտիվ պահանջներ են ներկայացվել դիաֆրագմաների, կոշտության միջուկների և կապային տարրերի նախագծային լուծումների նկատմամբ: Ավելացվել է նոր բաժին՝ «Եզրափակող պատերի ճակատային երեսարկներ»:

«Ջրմուղ, կոյուղի, ջեռուցում, գազամատակարարում» բաժնում կատարվել են լրացումներ և փոփոխություններ:

«Տրանսպորտային կառույցներ» և «Հիդրոտեխնիկական կառույցներ» գլուխներում հիմնականում կատարվել են լրացումներ և խմբագրական բնույթի որոշ փոփոխություններ: Վերանայվել և փոփոխվել են հիդրոտեխնիկական կառույցների վնասվածքների և պատասխանատվության գործակիցների արժեքները: Որոշակի պարզեցումներ են մտցվել հենապատերի պատվարների և հիդրոտեխնիկական կառույցների ստորգետնյա մասերի վրա ոչ կապակցված գրունտի ակտիվ և պասիվ ճնշման մեծությունները սեյսմիկ ազդեցության հաշվառմամբ որոշման բանաձևերում:

«Շենքեր և կառույցներ՝ հիմքի մակարդակում սեյսմամեկուսացման համակարգերով» գլխում, որը գործող նորմերում վերնագրված է «Շենքեր և կառույցներ՝ սեյսմամեկուսացման համակարգերով», կատարվել են որոշակի փոփոխություններ: Ընդհանուր համակարգի հուսալիության ապահովման նպատակով հենարանների ուղղաձիգ և հորիզոնական տեղափոխությունների համար մտցվել է հուսալիության 1,1 արժեքով գործակից: Լրացվել է աքսելերոգրամների կիրառությամբ մեկուսիչների հաշվարկման համար անհրաժեշտ բանաձևերի ցանկը: Ճշտվել են մեկուսիչների մարման գործակիցների և համապատասխան դինամիկության գործակիցների մեծությունների միջև կախվածությունները: Պարտադիր պահանջ է սահմանվել սեյսմամեկուսիչների կիրառությամբ նախագծված շենքի կամ կառույցի նախագծային փաստաթղթերի կազմում դրանց փոխարինման աշխատանքների կատարման համապատասխան նախագիծ ներկայացնելու վերաբերյալ:

Փոփոխություններ են կատարվել նաև «Շենքերի և կառույցների վերականգնում և ուժեղացում» գլխում: Վերագնահատվել են շենքի կամ կառույցի ազատ տատանման առաջին ձևի պարբերության մեծության հնարավոր փոփոխություները (մեծացման չափը՝ տոկոսներով) իրենց սկզբնական արժեքի նկատմամբ՝ վնասվածության տարբեր աստիճանների դեպքում: Տրվել է նախկին ԽՍՀՄ նորմերով նախագծված, կառուցված, շահագործման մեջ գտնվող և ուժեղացման ենթակա շենքերի ու կառույցների սեյսմազինվածության նվազ մակարդակի քանակական գնահատականը ներկայացված նորմերի նախագծով նախատեսված պահանջներին համապատասխան նախագծվող նույն շենքերի կամ կառույցների սեյսմազինվածության աստիճանի նկատմամբ, ինչը, որպես չափորոշիչ, հիմք է հանդիսանում դրանց երկրաշարժադիմացկունության (սեյսմազինվածության) ապահովման համապատասխան մակարդակի սահմանման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել