Այսօրվա Հայաստանն իրեն դիրքավորում է որպես հայ ժողովրդի պետական հազարամյա երթի կարևորագույն հանգրվան․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարրապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակի կապակցությամբ։

«Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ.

30 տարի առաջ Գերագույն խորհուրդը ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Պատմական այդ որոշումը հիմնված էր անկախ պետություն ունենալու հայ ժողովրդի կամքի վրա եւ բխում էր այդ կամքից ինչը հաստատվեց մեկ տարի անց Հայաստանի անկախության հանրաքվեով:

Նախորդ 30 տարիները լի են եղել բազմաթիվ փորձություններով, ձախողումներով ու հաղթանակներով: Այդ հաղթանակներից ամենակարեւորը Արցախյան փառապանծ ազատամարտն էր, որ հայոց բանակի ձեւավորման հիմք ու խթան հանդիսացավ: 2020 թվականի հուլիսյան հաղթական մարտերը ապացուցեցին, որ մենք ունենք մարտունակ բանակ, որ ի վիճակի է պաշտպանել Հայաստանի անվտանգությունը եւ Հայաստանը կարող է պատվով կատարել Արցախի անվտանգության երաշխավորի իր գործառույթը:

Նախորդ 30 տարվա ամենամեծ ձախողումը պետական եւ հանրային իստիտուտների կայացվածության ցածր մակարդակն է, եթե չասենք ինստիտուտների բացակայությունը: Անկախություն ձեռքբերելուց գրեթե անմիջապես հետո Հայաստանը տառապել է անկախ դատական համակարգի, օրենքի գերակայության, օրենքի առաջ բոլորի հավասարության բացակայությունից:

Երկար տարիներ կոռուպցիան եղել է պետական կառավարման առանցքային գործիքակազմը, ինչի հետեւանքով Հայաստանը մնացել է առանց արդյունավետ պետական կառավարման համակարգի: Կոռուպցիան թափանցել է ամենուր՝ պետական կառավարման համակարգ, դատաիրավական համակարգ, դպրոց, մանկապարտեզ, բուհեր, ակադեմիական ու մշակութային շրջանակներ, զանգվածային լրատվության միջոցներ, ընտրական համակարգ, երբեմն նույնիսկ հոգեւոր հարաբերությունների ոլորտ: Սա ոչ թե առանձին խմբերի կամ անհատների, այլ մեր բոլորիս, մեր հավաքական ձախողումն է եղել, որտեղ մեզնից յուրաքանչյուրը ունեցել է իր մեծ կամ փոքր դերակատարումը:

Այս ամենի ամենաաղետալի հետեւանքը դարձել է այն, որ քաղաքացին օտարվել է իր պետությունունից, իրավունքներից ու պարտականություններից, պետական կարգը օտար է դարձել քաղաքացուն, որովհետեւ հիմնված է եղել ոչ թե նրա կամքի, այլ կոռուպցիայի եւ ընտրակեղծիքների վրա հիմնված քաղաքական պարտադրանքի վրա:

2018 թվականին տեղի ունեցած Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը հենց այս հակադրությունը լուծելու եկավ: Քաղաքացին, որ օտարված էր իրավունքից, վերստին իր ձեռքը վերցրեց պետական իշխանություն ձեւավորելու իր իրավունքը: Եւ սա մեր նախորդ 30 տարիների հաջողությունները ամրագրելու եւ ձախողումները շտկելու պատմական հնարավորություն է:

Մեր առաջնային անելիքը շարունակում է մնալ նույնը. պետական եւ հանրային ինստիտուտների կայացումը: Բանակի բնականոն զարգացումը պետք է շարունակվի, եւ մենք պիտի խնդիր դնենք ունենալ աշխարհի ամենամարտունակ բանակներից մեկը:

Ընտրական անկեղծելի մեխանիզմ, անկախ դատական համակարգ, մեր պետության ու ժողովրդի ինստիտուցիոնալ նպատակները սպասարկող եւ մրցունակությունը բարձրացնող, կեղծիքից ազատ կրթական համակարգ, բարձր պրոֆեսոնալիզմն ու արդյունավետությունը խթանող պետական կառավարման համակարգ, նորարար, ստեղծագործ ու մրցակցային տնտեսություն, պարտականություններին՝ իրավունքների համանմանությամբ նախանձախնդիր վերաբերվող քաղաքացի, գործարար, պաշտոնյա. սա է մեր առաջիկա հրատապ անելիքը, ինչը հնարավոր է իրականացնել միայն այնպիսի պայմաններում եւ մթնոլորտում, երբ մեզնից յուրաքանչյուրը գիտակցում է իր անհատական վարքագծի ազդեցությունը իրականության վրա, երբ փոքրամասնության իրավունքների պաշտպանությունը չի դառնում պարտադրանք մեծամասնության նկատմամբ՝ երկիրը դատապարտելով հավերժական տեղապտուտի:

Աշխատանքը, կրթությունը, հմտությունների, գիտելիքի իմացության շարունակական բարձրացումը պիտի դառնա յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական ապահովության ու բարեկեցության հիմնաքար, յուրաքանչյուր քաղաքացի (բացառությամբ՝ անաշխատունակության հետ կապված դեպքերի) նախ ինքը պիտի դառնա սեփական բարեկեցության պատասխանատուն իսկ կառավարությունն ու պետությունը պիտի բավարար կրթական, իրավական, մրցակցային պայմաններ ստեղծեն այդ պատասխանատվության օրինական ու արդյունավետ իրացման համար:

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ: Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության Հռչակագրի 30-ամյակի կապակցությամբ: Մենք վերջերս ընդունեցինք Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որտեղ արձանագրեցինք, որ այսօրվա Հայաստանն իրեն դիրքավորում է որպես հայ ժողովրդի պետական հազարամյա երթի կարեւորագույն հանգրվան եւ մեր օրերի մեր վարքագիծն է կանխորոշելու հայ ժողովրդի առաջիկա հազարամյա ճակատագիրը: Հայաստանում հաստատվծ պետական կարգը պիտի հարազտ դառնա յուրաքանչյուր քաղաքացու եւ պետք է բխի յուրաքանչյուր քաղաքացու գիտակցված պատասխանատվությունից:

Մենք անկախության Հռչակագիրը ընդունած սերնդի ներկայացուցիչն ենք եւ մեր պատմական պարտքն ու առաքելությունն է մեր հռչակած իղձերը դարձնել իրականություն: Եւ սա մեզնից յուրաքանչյուրի վրա դնում է առանձնահատուկ պատասխանատվություն, որովհետեւ հայկական պետությունը պիտի է գոյություն ունենա հավիտյան, հայ ժողովուրդը պիտի գոյություն ունենա հավիտյան:

Եւ ուրեմն՝

Կեցցե՛ Ազատությունը,

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե Արցախի Հանրապետությունը,

Եւ կեցցենք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ենք եւ ապրելու ենք Ազատ եւ Երջանիկ Հայաստանում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել