13 դրամի համար դիմել են դատարա՞ն

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արթիկի հարկային տեսչությունը Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Գյումրու նստավայր հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Սուսաննա Զարզանդի Արսենյանի` պատասխանողից 524.803 դրամ բռնագանձելու պահանջի մասին:

Դիմելով դատարան` հայցվորը հայտնել է, որ ֆիզիկական անձ Սուսաննա Արսենյանը` որպես անհատ ձեռնարկատեր, հաշվառված է եղել Արթիկի տարածքային հարկային տեսչությունում, որը լուծարվել է: Որպես անհատ ձեռնարկատեր Սուսաննա Արսենյանի պարտավորությունը բյուջեի նկատմամբ նախքան լուծարվելը 26.05.2011 թվականի դրությամբ կազմել է 524.803 դրամ: Պատասխանողի պարտավորությունը եկամտահարկի գծով` 65 դրամ է, հաստատագրված վճարի գծով` 13 դրամ: Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի գծով պարտավորությունը կազմում է 524.725 դրամ, որից ապառք` 350.056 դրամ, տույժ` 174.669 դրամ:

Սուսաննա Արսենյանը 2004 թվականի ապրիլ ամսից Անիի շրջանի Գուսանագյուղում զբաղվել է մանրածախ առևտրով և ունեցել է խանութ։ Աշխատել է մինչև 2005 թվականի հունիս ամիսը։ Աշխատելու ընթացքում հարկային և սոցիալական վճարների պարտավորություն չի ունեցել։ 29.06.2005 թվականին դիմում է ներկայացրել Անիի հարկային տեսչություն և ռեգիստր, որ աշխատանքները դադարեցրել է և խնդրել իր անհատ ձեռներեցի գործունեությունը դադարեցնել։

15.12.2005թ. ուժի մեջ մտած «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին ՀՀ օրենքի 2-4-րդ հոդվածներով արտոնություններ են սահմանվել եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով չկատարված պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերի համար։ Նշված օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ այն անհատ ձեռնարկատերերը, ովքեր մինչև 01.05.2006թ. հարկային մարմնին գործունեությունը դադարեցնելու (լուծարվելու) մասին գրավոր դիմում չեն ներկայացրել (հոդված 21) կամ 2006թ. հունվարի 1-ից մինչև 2006թ. մայիսի 1-ը չեն վճարել 2003-2005 թվականների համար հաշվարկված և չվճարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների 30 տոկոսը (հոդված 3), ազատվում են 2003-2005թթ. համար հաշվարկված և չվճարված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների և դրանց նկատմամբ հաշվարկված տույժերի վճարումից։ Սույն հոդվածում նշված անհատ ձեռնարկատերերի կողմից 2006թ. հունվարի 1-ից հետո մինչև պետական գրանցամատյանում գործունեության դադարեցման մասին գրառման պահը պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարներ չեն հաշվարկվում (չեն վճարվում), հետևաբար դրանց նկատմամբ չեն կարող նաև տույժեր հաշվարկվել։

Դատարանի եզրակացմամբ՝ պատասխանողի նկատմամբ 01.01.2006թ-ից անհիմն կերպով է հաշվարկել պարտադիր սոցիալական ապահովագրության նվազագույն գումար։ Փաստորեն, վերը նշված օրենքի ուժով պատասխանողն ազատվել է պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի, եկամտահարկի և դրա դիմաց հաշվարկված տույժերի գծով պարտավորություններից:

Այսպիսով, դատարանը եզրակացրեց, որ պատասխանողից հօգուտ ՀՀ պետական բյուջեի հաստատագրված վճարի գծով 13 դրամ տույժ բռնագանձելու պահանջը հիմնավոր է և ենթակա է բավարարման, իսկ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով 524.725 դրամի (ապառք՝ 350.056 դրամ, տույժ՝ 174.669 դրամ) և եկամտահարկ 65 դրամ (ապառք՝ 42 դրամ, տույժ՝ 23 դրամ) բռնագանձման պահանջը ենթակա է մերժման:

Դատարանը վճռեց հայցը բավարարել մասնակի. Սուսաննա Արսենյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 13 ՀՀ դրամ հաստատագրված վճարի գումար: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որոշեց ՊԵԿ-ի կողմից բերված վերաքննիչ բողոքը մերժել և վարչական դատարանի վճիռը թողնելով անփոփոխ։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել