Առանց ընկերության մասնակիցների իմացության՝ գրանցվե՞լ է կանոնադրության փոփոխությունը

Անիչկա Ավետիսյանը, Շուշիկ Լանդյանը և Լենա Տոնոյանի ու Սվետլանա Մարտիրոսյանի ներկայացուցիչ` Արայիկ Պապիկյանը հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան, ընդդեմ` ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Վանաձորի տարածքային բաժնի, երրորդ անձինք` «Հանրախանութ «Դիմաց» ՍՊԸ-ի և Հրանտ Շահնազարյանի, խնդրելով` Ռեգիստրի կողմից` 09.09.2009թ. կատարված` Ընկերության կանոնադրության փոփոխության գրանցումը ճանաչել անվավեր:

Հայցվորները ներկայացրած հայցադիմումով դատարանին հայտնել են, որ` 09.09.2009թ. Ռեգիստրը գրանցել է Ընկերության կանոնադրության փոփոխությունը: Կանոնադրության փոփոխության վերաբերյալ իրենց հայտնի է դարձել` 23.09.2009թ.: Գտնում են, որ Ընկերության կանոնադրության փոփոխության գրանցումը պատասխանողի կողմից կատարվել է մի շարք օրենքների կոպիտ խախտումներով, որով խախտվել են իրենց սահմանադրական իրավունքները և այն պետք է ճանաչվի անվավեր:

Ընկերության կանոնադրության փոփոխությունների պետական գրանցում իրականացնելու ժամանակ, սույն հայցով բոլոր կողմերի մասնակցությամբ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվում էր Ընկերության մասնակիցների` 05.12.2007թ. արտահերթ ընդհանուր ժողովի թիվ 2 արձանագրությունն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու և Ընկերության մասնակիցների բաժնեմասերի ճշտում կատարելու պահանջների մասին հայցադիմումը: Ընդ որում, վիճարկվում էր պատասխանողի` 25.02.2008թ. Ընկերության կանոնադրության փոփոխության գրանցման իրավաչափությունը և օրինականությունը: Բնականաբար պատասխանողն այդ մասին գիտեր, այդուհանդերձ չսպասելով դատական ակտի ընդունմանը և իր նախկինում կատարած նույնանման գործողության իրավաչափության վիճելի լինելու պայմաններում կատարեց նոր գրանցում: Քանի որ քաղաքացիական գործով ուժի մեջ մտած դատական ակտ մինչ օրս չկա, ապա պատասխանողի գործողությունն իրավաչափ չէ:

Դատարանը վճռեց հայցը բավարարել:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որոշեց հայցվոր Լենա Տոնոյանի վերաքննիչ բողոքը բավարարել` բեկանել ՀՀ վարչական դատարանի վճիռը և այն փոփոխել՝ բավարարել հայցը. անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Վանաձորի տարածքային բաժնի կողմից 2009 թվականի սեպտեմբերի 9-ին կատարված «Հանրախանութ «Դիմաց»» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրության փոփոխության գրանցումը։

Ներկայումս սույն գործով բերվել է վճռաբեկ բողոք:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել