Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Բեյրութի սարսափելի պայթյունի հետևանքով հնարավոր է օդում արտանետվել են թունավոր նյութեր, որոնք կյանքին սպառնալիք կարող են հանդիսանալ։ Քաղաքային իշխանությունները, ինչպես նաև Լիբանանի ԱՆ-ը կոչ են անում քաղաքացիներին արագ լքել քաղաքը։
Այս պահին ծանոթ ու անծանոթ շատ հայեր խնդրանքով դիմում են ՀՀ կառավարությանը, որպեսզի հատուկ չվերթներով Բեյրութում բնակվող հայերին թույլ տան տեղափոխել Հայաստան։
Կարծում եմ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը ՀՀ կառավարություն հետ համատեղ պետք է հնարավորինս արագ և օպերատիվ կազմակերպեն հայազգի լիբանանահայերի տեղափոխումը Հայաստան, միայն ցավակցություն հայտնելով օգնության ձեռք չեն մեկնում»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի մոտակայքում՝ լիբանանյան ռազմածովային բազային մոտ տարածքում հզոր պայթյուն է եղել։
Լիբանանի վարչապետ Հասան Դիյաբի խոսքով ՝ ավելի քան 70 մարդու կյանքը խլած ողբերգության պատճառը վեց տարվա ընթացքում 2,759 տոննա ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահեստավորումն է։
Նշվում է 78 զոհի և շուրջ 4000 վիրավորի մասին։