«Երարդշին-1» ԲՇԿ-ն բնակարանաշինարարական օգնություն ստացողների ցուցակում դեռևս ընդգրկված չէ

Ռաֆիկ Գևորգյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության` բնակարանաշինարարական օգնություն ստացողների ցուցակում ընդգրկելու և գումարը վճարել պարտավորեցնելու պահանջների մասին:

Հայցվորը հայցադիմումով հայտնել է, որ 2005թ.-ից սկսած բազմաթիվ դիմումներ է հասցեագրել ՀՀ ֆինանսների նախարարին, որպես «Երարդշին-1» ԲՇ կոոպերատիվի փայատեր ընդգրկելու դրամական օգնություն ստացողների ցուցակում և վճարել, սակայն մինչև օրս նախարարը տարբեր անհեթեթ պատճառաբանություններով չի ցանկանում։

Երևանի քաղաքապետարանի 22.07.2011թ. թիվ 20/1-Գ1826 գրության համաձայն՝ Ռաֆիկ Գևորգյանի ընտանիքը ճանաչվել է Մոլդովական փողոցի և Երևան Ջրվեժ տանող ճանապարհի միջև ընկած տարածքում բնակելի շենք կառուցելու նպատակով կազմակերպված «Երարդշին-1» ԲՇԿ-ի փայատեր:

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի 04.11.2011թ. թիվ 1.1/9.1/87006-11 գրությունը, որով Ռաֆիկ Գևորգյանը տեղեկացվել է, որ «Երարդշին-1» կոոպերատիվը չի ընդգրկվել ՀՀ Կառավարության 12.03.2002թ. թիվ 229 որոշմամբ հաստատված դրամական օգնության գումարների վճարման ժամանակացույցում` կոոպերատիվի վերաբերյալ համապատախան տվյալների բացակայության պատճառով, տվյալները ճշտելուց հետո հնարավոր կլինի կոոպերատիվն ընդգրկել նշված ժամանակացույցում։

Գործի ուսումնասիրմամբ՝ դատարանը եզրակացնում է, որ բացակայում է հայցվորի` դրամական օգնություն ստանալու իրավունքը, հետևաբար պատասխանող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հայցվորին դրամական օգնությունը չվճարելը տվյալ դեպքում չի կարող խախտել ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, oրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքը` թեկուզև այդ իրավունքի բացակայության պատճառով։

Սույն գործով դատարանը վճռեց հայցը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը ևս որոշեց Ռաֆիկ Գևորգյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը մերժել։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել