Ա.Սաքունցի հայցը մերժվեց: Ավագանու որոշումը անվավեր չճանաչվեց

«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան, ընդդեմ` Վանաձորի քաղաքապետարանի և Վանաձոր համայնքի ավագանու, խնդրելով` Ավագանու` 26.10.2010թ. թիվ 76 որոշումն ամբողջությամբ վերացնել:

Կազմակերպությունը ներկայացրած հայցադիմումով դատարանին հայտնել է, որ` 26.10.2010թ. Ավագանին ընդունել է` թիվ 76 որոշումը, որի 1-ին կետի «ա» ենթակետի հիման վրա տվել է իր համաձայնությունը` Վանաձոր քաղաքի Տարոն-4 թաղամասի Սեբաստիա փողոցի` թիվ 2/4 հասցեի Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող` 43 937,2 քմ մակերեսով հողամասը, համաձայն թիվ 1 հավելվածի, մարզական համալիր կառուցելու նպատակով Ֆեդերացիային անհատույց /մշտական/ օգտագործման իրավունքով տրամադրելուն: Նույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետի հիման վրա տվել է իր համաձայնությունը` Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի 1-ին նրբանցքի` թիվ 20 հասցեում գտնվող` 6 954,0 քմ մակերեսով հողամասը, համաձայն թիվ 2 հավելվածի, ֆուտբոլի մարզադաշտ կառուցելու նպատակով Ֆեդերացիային անհատույց /մշտական/ օգտագործման իրավունքով տրամադրելուն` նշված հողամասերի վրա կառուցվելիք շենք-շինությունները Ֆեդերացիայի սեփականությունը համարվելու պայմանով:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը գտել է, որ Ավագանու` 26.10.2010թ. թիվ 76 որոշումն անօրինական և անհիմն է: Ավագանին` 26.10.2010թ. թիվ 76 որոշումն ընդունելով դուրս է եկել իրեն վերապահված լիազորություններից և խախտել է ՀՀ հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետը:

Դատարանի եզրահանգմամբ՝ վերը նշված իրավանորմերից հետևում է, որ համայնքի ավագանին իրավասու է տնօրինել համայնքի սեփականությունը հանդիսացող գույքը, այն է` որոշել այդ գույքի ճակատագիրն, այդ թվում` որպես գույքի տնօրինման եղանակներից մեկը, անհատույց /մշտական/ օգտագործման իրավունքով տրամադրել համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխով սահմանված` ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող` իրավաբանական անձանց միություններին, ինչպիսին հանդես է գալիս Ֆեդերացիան:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վարչական դատարանը եզրակացրել է, որ Ավագանու` 26.10.2010թ. թիվ 76 որոշումը չի հակասում ՀՀ հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներին, հետևաբար այդ հիմքով Ավագանու վիճարկվող որոշումն անվավեր ճանաչելու մասին Կազմակերպության պահանջը հիմնավոր չէ և ենթակա է մերժման:

Դատարանը վճռեց հայցը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը ևս որոշեց «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության կողմից բերված վերաքննիչ բողոքը մերժել և վարչական դատարանի վճիռը թողնելով անփոփոխ։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել