Որպես կանոն, դատարանը, ելնելով երեխայի շահերից, կարող է վճիռ կայացնել ծնողներից մեկի ծնողական իրավունքները սահմանափակելու մասին` առանց ծնողական իրավունքներից զրկելու: Ծնողական իրավունքների սահմանափակումը թույլատրվում է, եթե երեխայի ծնողների կամ նրանցից մեկը անկախ հանգամանքներից տառապում են հոգեկան կամ այլ քրոնիկ հիվանդությունով:
«Ծնողական իրավունքների սահմանփակումը թույլատրվում է նաև այն դեպքերում, երբ երեխային ծնողների կամ նրանցից մեկի մոտ թողնելը վերջիններիս վարքագծի հետևանքով վտանգավոր է երեխայի համար»,- այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանը:
Վերջինիս փոխանցմամբ`եթե ծնողներից մեկը չփոխի իր վարքագիծը, խնամակալության և հոգաբարձության մարմինը իրավունք ունի ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վեց ամիս հետո հայց ներկայացնել ծնողական իրավունքներից զրկելու համար: Ծնողական իրավունքների սահմանափակման մասին հայց կարող են ներկայացնել երեխայի մերձավոր ազգականները, այն մարմինները ու կազմակերպությունները, որոնց վրա դրված են երախաների իրավուքների պաշտպաության պարտականությունները: Դատարանը ծնողական իրավունքների սահմանափակման մասին գործերը քննում է խնամակալութայն և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ: Դատարանը պարտավոր է ծնողական իրավունքների սահմանափակման մասին վճիռը օրինական ուժ ստանալու պահից երեք օրվա ընթացքում վճռի քաղվածքն ուղարկել երեխայի ծննդի պետական գրանցման քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնին:
«Ծնողները, որոնց ծնողական իրավունքները սահմանափակվում են, կորցնում են երեխային անձամբ դաստիարակելու իրավունքից, ինչպես նաև երեխաներ ունեցող քաղաքացիների համար սահմանված արտոնություններից ու պետական նպաստներ ստանալու իրավունքից»,- նշում է իրավաբանը:
Ծնողները, որոնց ծնողական իրավունքները սահմանափակվել են , թույլատրվում է կապ ունենալ երեխայի հետ, եթե դա երեխայի վրա բացասական ազդեցություն չի ունենում: Որպես կանոն, երեխայի հետ ծնողների շփումը թույլատրվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայությամբ:
Աղբյուրը` Իրավաբան.net