Ծովասարի գյուղապետը կասկածներ ունի

Ծովասարի գյուղապետարանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, երրորդ անձին` Ռոբերտ Ժորայի Ահարոնյան, Ռուզաննա Գագիկի Ահարոնյան, «Էլիտ պլաստ» ՍՊԸ` սեփականության իրավունքի գրանցման թիվ 2659516 վկայականով հավաստվող իրավունքների պետական գրանցումը, որը կատարված է ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 05-036 4-10 մատյանի 264 թերթիկում, առոչինչ վարչական ակտ ճանաչելու պահանջի մասին:

ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Մարտունու տարածքային ստորաբաժանումը 07.04.2004թ. գրանցել է Գեղարքունիքի մարզի Թազագյուղ համայնքի (համայնքը 2006թ. հունիսից անվանվել է Ծովասար) «Հացահատիկի պահեստի» նկատմամբ սեփականության իրավունքը։ Հաջորդ օրը գրանցվել է նաև տվյալ գույքային միավորի հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը։ Նշված գրանցումը հավաստվում է սեփականության իրավունքի գրանցմանթիվ 1522256 վկայականով։

Երրորդ անձ Ռոբերտ Ահարոնյանը 17.10.2011թ. դիմել է հայցվորին վերը նշված գույքի ցանկապատ կառուցելու համար, այլոց թվում կցելով նաև սեփականության իրավունքի գրանցման թիվ 2659516 վկայականի պատճենը։ Վկայականով հավաստվող իրավունքի պետական գրանցման համար որպես հիմք այլոց թվում նշված են «Շին. Ավարտական ակտ 10.10.08թ.» և «թիվ 18 Շին. Շահագործման փաստագրման ակտ 18.10.08թ.»։ Հատկանշական է, որ նշված փաստաթղթերը առկա չեն հայցվորի արխիվում, ուստի դրանց տրամադրված լինելու հանգամանքը կասկածի տակ է, հաշվի առնելով ՀՀ կառավարության 08.05.2003թ. թիվ 626-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետով նախատեսված կարգավորումը։

Միևնույն ժամանակ, ըստ հայցվորի, ինչպես կարող է պարզ լինել թիվ 2659516 վկայականի ուսումնասիրությունից, քննարկվող գույքի հողամասի հատակագիծը խիստ տարբերվում է 07.04.2004թ. գրանցման փաստաթղթերում առկա հատակագծից։ Ընդ որում՝ հողամասի չափը մնացել է նույնը՝ 0.17 հա։

Դատաքննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչը հայտնեց, որ «Շին. Ավարտական ակտ 10.10.08թ.» և «թիվ 18 Շին. Շահագործման փաստագրման ակտ 18.10.08թ.» իրականում տրվել են, ուստի նշված հանգամանքի վերաբերյալ հայցադիմումում բերված փաստարկները չեն պնդում։ Հայցվորի ներկայացուցիչը խնդրեց հայցը բավարարել։

Դատարանը վճռեց Ծովասարի գյուղապետարանի հայցը մերժել։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որոշեց Ծովասարի գյուղապետի կողմից բերված վերաքննիչ բողոքը բավարարել՝ ամբողջությամբ բեկանել ՀՀ վարչական դատարանի վճիռը, և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` ողջ ծավալով նոր քննության։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել