ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը պատասխանել է ուսուցիչների և ծնողների կողմից իրեն ուղղված հարցերին։ Դրանցից մեկը վերաբերում է համավարակով պայմանավորված այս տարվա մարտի 13-ից դադարեցված դասերի լրացմանը։
«Հարց․ Ցավոք, հապշտապ աշխատանքների կազմակերպման հետևանքով հատուկ կարիքով երեխաների խնդիրները կարծես անտեսվեցին և ընդհատվեց անհատական աշխատանքներ իրականացնելու հնարավորությունը : Տուժեցին թե երեխաները, թե ուսուցիչները, թե մասնագիտական թիմը: Հնարավոր որոշ տարբերակներով աշխատանքներ իհարկե կատարվեցին, սակայն դրանք չկրեցին ընդհանրական բնույթ: Այս ամենի հետևանքով ԿԱՊԿՈՒ երեխաների կարիքի գնահատումը տեղի չունեցավ, որը բացասաբար կանդրադառնա նոր ուսումնական տարվա ընթացքում երեխաների հետ աշխատանքների կազմակերպման և անհատական ուսուցման պլանով առաջ շարժվելու տեսանկյունից: Ինչպե՞ս է լրացվելու բաց թողնվածը և ինչ ճանապարհով:
Պատասխան․ Այս պահին ԿԳՄՍ նախարարությունում արդեն կա ուրվագծված գործողությունների ու քայլերի պլանավորում, ըստ որի օգոստոս ամսվա ընթացքում հնարավոր է դպրոցներում սկսվեն բաց թողնվածը լրացնելու գործընթաց: Ակնհայտ է, որ հեռավարին անցնելու արդյունքում ուսումնական գործընթացից դուրս են մնացել ոչ միայն հատուկ կարիքով երեխաները, այլև համակարգիչ, ինտերնետ կապ կամ այլ միջոցներ չունեցող երեխաները: Այժմ նախարարությունում հաշվառվում է հեռավար ուսուցման ողջ տեղեկատվությունը՝ դուրս մնացած սովորողների թվից սկսած մինչև գիտելիքի յուրացման աստիճան: Նրանց համար կլինեն սահմանված կարգով դասընթացներ՝ 10-15 հոգանոց խմբերով, որպեսզի սեպտեմբերին բոլոր սովորողների համար դասերն սկսեն միևնույն կետից: Կկազմակերպվի նաև հատուկ կարիքով երեխաների կարիքի գնահատում»,-նշել է նա: