Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հունիսի 30-ին նոր հրաման է ստորագրել, որով հաստատվել է «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտների վարման կարգը (ժամանակավոր)։
Նշվում է, որ կարգը նախատեսված է առողջապահության ոլորտի պետական լիազոր մարմնի, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման ենթակայության և անկախ կազմակերպաիրավական ձևից բժշկական կազմակերպությունների մասնագետների համար, որոնք ներգրավված են կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և բուժման միջոցառումների կազմակերպման և իրականացման գործընթացներին:
Հիվանդության գաղտնի շրջանը միջին հաշվով 5-6 օր է, չնայած կարող է երկարաձգվել մինչև 14 օր: Այս շրջանում, որն անվանում են նաև «պրեսիմպտոմատիկ» շրջան, պացիենտները կարող են լինել կոնտագիոզ:
Պացիենտների մեծ մասի մոտ հիվանդության ընթացքը լինում է թեթև (40%) կամ միջին (40%) ծանրության, մոտ 15%-ի մոտ դիտվում է ծանր ընթացք` թթվածնային թերապիայի անհրաժեշտությամբ, և 5%-ի մոտ` ծայրահեղ ծանր: Տարիքը, ծխելը և ուղեկցող հիվանդությունների առկայությունը, ինչպիսիք են շաքարային դիաբետը, զարկերակային գերճնշումը, սիրտ-անոթային հիվանդությունները, ԹՔՕՀ-ը, քաղցկեղը հիվանդության ընթացքը բարդացնող ռիսկի գործոններ են:
Տարեցները և իմունային անբավարարությամբ պացիենտները կարող են ունենալ ատիպիկ ախտանիշներ, մասնավորապես` տենդի բացակայություն, հոգնածություն, ուշադրության և շարժունակության նվազում, լուծ, ախորժակի կորուստ, գիտակցության խանգարում, այդ թվում դելիրիում:
Սույն կարգը ժամանակավոր է, մշակվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջարկությունների և մի շարք այլ ուղեցույցների հիման վրա` ամփոփելով հիմնական տեղեկությունները COVID-19 վերաբերյալ:
Թեթև ընթացքով պացիենտների բժշկական հսկողությունը կարող է իրականացվել արտահիվանդանոցային պայմաններում` ինչպես առողջության առաջնային պահպանման բժիշկների այցերի, այնպես էլ հեռավար խորհրդատվության միջոցով:
Թեթև ընթացքով հաստատված COVID-19 պացիենտները հանվում են բժշկական հսկողությունից հիվանդության 14-րդ օրից հետո, եթե նախորդող 3 օրերի ընթացքում ախտանշաններ չեն ունեցել, իսկ ախտանշանների առկայության դեպքում` վերջինների բացակայության օրվանից 3 օր հետո:
Թեթև կլինիկական ընթացքին բնորոշ են հիմնականում սուբֆեբրիլ ջերմությունը, հազը, թուլությունը: Հնարավոր են նաև հետևյալ նշանները՝ ցավ բկանցքում, հարբուխ, սրտխառնոց, փսխում, լուծ, հոտառության կորուստ, համի կորուստ, շաղկապենաբորբ (կոնյուկտիվիտ):
Կլինիկական նշաններն ու ախտանշանները կարող են վատթարանալ հիվանդության 2-րդ շաբաթից` ստորին շնչուղիների ախտահարման պատճառով: Թեթև ձևերը մոտավորապես 10-15% դեպքերում վերաճում են ծանրի, ուստի բոլոր պացիենտները պետք է ուշադիր մշտադիտարկվեն:
Թեթև կլինիկական ընթացքի դեպքում (առանց նշված ռիսկի գործոնների և առանց շնչառության խանգարման), իրականացվում է սիմպտոմատիկ բուժում (պարացետամոլը սովորական դեղաչափով կարող է նախընտրելի լինել որպես ցավազրկող/ջերմիջեցնող սիմպտոմատիկ բուժում): Հնարավոր է ԱԱՊ բժշկի կողմից պացիենտներին դեղերի հեռահար նշանակում:
Թեթև կամ միջին կլինիկական ընթացքով COVID-19 պացիենտներին կանխարգելիչ կամ բուժական նպատակով հակաբիոտիկների նշանակում խորհուրդ չի տրվում:
COVID-19 պացիենտների մոտ բակտերիալ վարակի միանալու հավանականությունը մեծ չէ, COVID-19 հոսպիտալացված պացիենտների միայն 8%-ի մոտ է դիտվում բակտերիալ/սնկային համավարակ:
Տարեց պացիենտների համար պետք է դիտարկել հակաբիոտիկների էմպիրիկ նշանակումը որպես հնարավոր թոքաբորբի բուժում:
Հրամանում նշվում է, որ ցանկալի է նախապատվությունը տալ ոչ լայն սպեկտրի, հասանելի հակաբիոտիկներին (ինչպես օր.` ամօքսացիլին+քլավուլանաթթու):
Խորհուրդ է տրվում խիստ հսկողություն սահմանել արտահիվանդանոցային պայմաններում բուժվող միջին ծանրության ընթացքով COVID-19 պացիենտների նկատմամբ` հիվանդության պրոգրեսը բաց չթողելու համար:
Ծանր թոքաբորբին բնորոշ են` բարձր ջերմությունից և շնչառական ախտանիշներից բացի հետևյալ ≥1-ի առկայությունը.
style=”text-align: justify;”>
շնչառության հաճախություն` ≥30/րոպե (մեծահասակներ),
արյան թթվածնով հագեցվածությունը SpO2 ≤93%,
24-48 ժամվա ընթացքում թոքային դաշտի >50% ընդգրկող ինֆիլտրատներ թոքերում:
Բոլոր այն բաժանմունքները, որտեղ կարող են բուժում ստանալ ծանր ընթացքով COVID-19 պացիենտները, պետք է ապահովված լինեն պուլսօքսիմետրերով և թթվածնային թերապիայի համար անհրաժեշտ սարքավորումներով:
Խորհուրդ է տրվում թթվածնային թերապիայի անհապաղ իրականացում անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող բոլոր պացիենտներին և առանց այդպիսի նշանների այն պացիենտներին, որոնց մոտ թթվածնով հագեցվածությունը SpO₂≤93%:
Հրամանն ամբողջությամբ՝ այստեղ