ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ կապված Հաշվեքննիչ պալատի կողմից թույլ տրված չարաշահումների, բազմամիլիոն դոլարանոց միջոցների օգտագործման արդյունավետության նկատմամբ ոչ պատշաճ վերահսկողության հետ։
Հանցագործության մասին հաղորդման հիմքում ընկած են Հաշվեքննիչ պալատի կողմից հրապարակված մի շարք պաշտոնական տեղեկություններ ու ցուցանիշներ, որոնք վկայում են Հաշվեքննիչ պալատի կողմից բազմամիլիոն դոլարանոց ծրագրերի նկատմամբ ոչ պատշաճ վերահսկողության մասին։ Խոսքը մասնավորապես վերաբերում է «Մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի ներդրման աշխատանքներ (ՌԴ դրամաշնորհ), պայմանագրի գումար՝ 4 մլրդ 283.6 մլն ՀՀ դրամ» ծրագրին, «Հայաստանի մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման վարկային ծրագիր» նախագծին, որով մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման նպատակով ՀՀ-ին տրամադրվել է 155.4 մլն յուան վարկ։
Հաղորդման մեջ խնդրել եմ քննության առնել նաև 2016 և 2017 թվականների տարեկան հաշվետվությունների մեջ առկա այլ տեղեկություններ, որոնցից պարզվում է որ վերահսկողություն է իրականացվել ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից իրականացված հետևյալ ուղղությունների ծրագրերի նկատմամբ՝ «Բարձրագույն մասնագիտական կրթության գնահատման համակարգի բարեփոխումներ» ծրագիր, «Կրթության բովանդակային և մեթոդական սպասարկում հանրապետության հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստում» ծրագիր և «Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման բարեփոխումներ» ծրագիր:
2017 թվականի հաշվետվությունն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ վերահսկողություն է կատարվել ՀՀ ԳՆ գյուղատնտեսության զարգացման հիմնադրամում: Վերը նշված վերահսկողությունների արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, որոնք էական վնաս են հասցրել Հայաստանի Հանրապետության օրինական շահերին: Մինչդեռ ի պատասխան իմ ուղարկած գրավոր հարցումների՝ Հաշվեքննիչ պալատից ինձ տեղեկացրել են, որ պալատը վերը նշված դեպքերում չի եկել հետևության, որ դրանցում եղել են քրեաիրավական բնույթի խախտումներ։ Հաշվեքննիչ պալատի այդ պատճառաբանությունները արժանահավատ լինել չեն կարող, քանի որ պարզվել է, որ Հաշվեքննիչ պալատի խախտումները, որպես այդպիսին, առկա են, գնահատված են պալատի կողմից որպես խախտում և տեղադրված են կայքէջում՝ կազմելով հաշվետվությունների բաղկացուցիչ մաս: Հաշվեքննիչ պալատի անդամները և նախագահը, ելնելով Հաշվեքննիչ պալատի անդամին ներկայացվող պահանջների «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ մասով, ինչպես նաև տվյալ իրավահարաբերությունները կարգավորող նախկին օրենքով նախատեսված բնութագրից, չեն կարող չլինել պրոֆեսիոնալ, որպիսի պարագայում վերանում է վարկածը, որ իրենց պարտականությունները չեն կատարել անփորձության, ոչ պատշաճ մասնագիտական պատրաստվածության, գիտելիքների պակասի հետևանքով:
ՀՔԾ-ին ուղղված հաղորդման մեջ տեղեկացրել եմ նաև, որ իմ՝ պատգամավորի լիազորությունների իրացման ընթացքում հայտնի է դարձել տեղեկություն առ այն, որ Հաշվեքննիչ պալատի նախկին աշխատակից Արամայիս Սարգսյանը, մինչև իր մասնակցությամբ սույն հաղորդմամբ նշված Պետական եկամուտների կոմիտեին առնչվող ստուգումները սկսելը, հանդիսանալով ՊԵԿ նախկին աշխատակից և ծանոթ լինելով ոլորտին, Հաշվեքննիչ պալատի նախագահ Լ. Յոլյանին հայտնել է հաշվեքննության օբյեկտում ստուգման արդյունքում հայտնաբերվելիք հնարավոր քրեաիրավական հետևանք կանխորոշող խախտումների մասին, իսկ ստուգումից հետո արդյունքների մասին տեղեկանքը ներկայացրել է Հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Առուստամյանին, որից հետո նույնպես արձագանք չի ստացվել, և հայտնաբերվածը մնացել է անհետևանք մինչև այն պահը, երբ անձամբ հաղորդում է ներկայացրել ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ, որի հիման վրա այս պահին ԱԱԾ քննչական դեպարտամենտի վարույթում քննվում է մեծ ծավալի քրեական գործ:
Հաշվի առնելով այս հանգամանքները՝ ՀՔԾ-ին ուղղված հանցագործության մասին հաղորդմամբ խնդրել եմ քննարկել այդ հաղորդումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180 և 181-րդ հոդվածներով սահմանված կարգով:
Հաղորդման ընթացքի վերաբերյալ կտեղեկացնեմ հաջորդիվ»,-նշել է նա։