Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության քննությունը։ Նիստը նախագահում է դատավոր Ռոբերտ Պապոյանը։
Քիչ առաջ դատարանից դուրս եկան Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը և նրա փաստաբան Հրանտ Անանյանը, ով լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ դատարանում այսօր քննվում էր Մանուկյանի կալանավորման միջնորդությունը։
«Քննությունը հետաձգվեց, քանի որ նյութերը բազմածավալ են։ Եղել է ձերբակալված, դատարանը երեկ ոչ իրավաչափ է ճանաչել ձերբակալումը։ Այսօր ինքնակամ ներկայացել է կալանքի միջնորդության քննության։ Նիստը նշանակվեց վաղը՝ ժամը 17։00-ին»,- ասաց Հրանտ Անանյանը՝ նշելով, որ Աբրահամ Մանուկյանն իրեն առաջարդված մեղադրանքը չի ընդունում։