Նախորդ տարիների համար ալիմենտ բռնագանձելու պահանջը մերժվեց

Կողմերն ամուսնական համատեղ կյանքում ունեցել են երեք երեխա. Մանսուր Մինասյան` ծնված 04.12.1994թ., Վարդուհի Մինասյան` ծնված 01.06.1993թ., Էդգար Մինասյան` ծնված 13.06.2001թ.:

Երեխաներից Վարդուհի Մինասյանը 2012թ. մարտ ամսից ապրում է պատասխանողի հետ, իսկ երկու որդիները գտնվում են հայցվորի խնամքին:

Հայցվորը նշելով, որ իրենց ամուսնական հարաբերությունները դադարել են 2009թ. հունիսի 20-ից, Մանսուր և Էդգար Մինասյանները գտնվում են իր խնամքին, ինքը միայնակ դժվարանում է հոգալ նրանց խնամքը, երեխաներից Էդգար Մինասյանը դպրոցական է և անհրաժեշտություն է առաջանում կատարելու նաև լրացուցիչ ծախսեր նրա առողջական և ֆիզիկական վիճակի կայունությունը պահպանելու ուղղությամբ, բացի այդ ծախսերը գնալով ավելի են մեծանում, իսկ պատասխանողը չի աշխատում, չունի կանոնավոր եկամուտ, ոչ մի նյութական օգնություն չի ցուցաբերում իրեն, խնդրել է Նելլի Գուրգենի Մինասյանից հօգուտ իր խնամքին գտնվող անչափահասներ Մանսուր Մինասյանի` ծնված 04.12.1994թ. և Էդգար Մինասյանի` ծնված 13.06.2001թ., բռնագանձել ալիմենտ կայուն դրամական գումարով յուրաքանչյուրի համար ամսական 30.000 դրամ` ալիմենտի բռնագանձման ժամկետը սահմանելով նախորդ 3 տարիների համար` սկսած 2009թ. հունիսի 20-ից, քանի որ այդ տարիների ընթացքում պատասխանողը խուսափել է նյութական օգնություն ցուցաբերելուց, գիտենալով, որ երեխաները չեն ցանկանում ապրել իր հետ:

Հայցադիմումի վերաբերյալ ներկայացված պատասխանում և դատաքննության ժամանակ տված ցուցմունքով պատասխանողը նշել է, որ հայցն ընդունում է մասնակի, քանի որ հայցվորը միջոցներ չի ձեռնարկել Նելլի Մինասյանից հօգուտ իրենց երեխաների համար ապրուստի միջոցներ ստանալու համար և Նելլի Մինասյանը, որպես ալիմենտ վճարելու պարտավոր անձ, խուսափել է ալիմենտ վճարելուց:

Դատական կարգով երեխաների խնամքի և բնակության վայրը որոշվելուց հետո Նելլի Մինասյանը ալիմենտ վճարելու պարտավոր անձ է հանդիսացել Էդգար Արայիկի Մինասյանի մասով ընդամենը 1.5 ամիս առաջ, իսկ Մանսուր Արայիկի Մինասյանի մասով 06.06.2011թ.` 1 տարի 2 ամիս առաջ:

Դատարանը գտել է, որ նախորդ 3 տարիների համար սահմանելու հայցվորի պահանջն անհիմն է և պետք է մերժել, իսկ 30.000 ՀՀ դրամ կայուն ալիմենտի բռնագանձման մասով ընդունում է մասնակի:

Նշենք, որ համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 95-րդ հոդվածի՝ ալիմենտ ստանալու իրավունք ունեցող անձը կարող է ալիմենտի բռնագանձման համար դիմել դատարան`անկախ ալիմենտի իրավունքի առաջացման պահից անցած ժամանակահատվածից, եթե ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ նախկինում ալիմենտ չի վճարվել։

Ալիմենտ հատկացվում է դատարան դիմելու պահից։ Անցած ժամանակահատվածի համար ալիմենտ կարող է բռնագանձվել դատարան դիմելու պահին նախորդող երեք տարվա համար, եթե դատարանով հաստատվել է, որ մինչև դատարան դիմելը միջոցներ են ձեռնարկվել ապրուստի միջոց ստանալու համար, բայց ալիմենտը չի ստացվել ալիմենտ վճարելու պարտավոր անձի կողմից դա վճարելուց խուսափելու հետևանքով։

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել