Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի առանձնազրույցը

Ստեփանակերտում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի առանձնազրույցը:

Ողջունելով Վարչապետ Փաշինյանին` Բակո Սահակյանը նշել է. «2018 թվականին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Դուք այցելել էիք Արցախի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայությունն այս օրը յուրովի է արժևորում եռատոնը: Մենք հերթական անգամ Ձեզ հետ միասին խոնարհվեցինք մեր մարտիրոսված հայրենակիցների շիրիմների առաջ: Այս օրը մենք օգտագործում ենք նաև մեծարելու բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են նվիրել, իրենց կարողությունները ներդրել մեր հայրենիքն ազատագրելու համար:

Այսօր էլ մարդկանց մի մեծ բանակ շարունակում են մասնակցություն ունենալ մեր հայրենիքի շենացման և զարգացման գործում: Ավանդույթի համաձայն մենք նաև օգտագործում ենք մեր հանդիպումները` իմի բերելու նախորդ շրջանի կատարած աշխատանքների արդյունքները, պարտադիր կերպով այցելություն ենք իրականացնում նաև Զինված ուժեր: Այսօր էլ մենք Ձեզ հետ միասին կլինենք Արցախի Հանրապետության Զինված ուժերում և ավելի քան համոզված եմ, որ այս վերջին շրջանում մեր կատարած աշխատանքները, տված առաջադրանքները լրացուցիչ ապացույցը կլինեն, որ մեր հայրենի քը պաշտպանված է, մեր հայրենիքի պաշտպանները բարեխղճորեն կատարում են իրենց հայրենական պարտականությունները` դրանով իսկ լրացուցիչ հնարավորություններ ստեղծելով մեր ապագային ուղղված աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու համար:

Մենք Ձեզ հետ կլինենք նաև տնտեսության մի քանի հատվածներում, որտեղ մեր համատեղ աշխատանքների շրջանակներում նույնպես արձանագրել ենք համեստ արդյունքներ: Համոզված եմ, որ այսօրվա մեր աշխատանքները լրացուցիչ հիմք կհանդիսանան հետագայում մեր հավաքական ներուժի գործադրման և մեր ընդհանուր աշխատանքներին ավելի մեծ արդյունավետություն հաղորդելու համար: Ուրախ եմ ողջունել Ձեզ և շնորհավորում եմ եռատոնի կապակցությամբ»:

Իր խոսքում Վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, շնորհավորում եմ բոլորիս եռատոնի կապակցությամբ և առանձնահատուկ Շուշիի ազատագրման օրվա առիթով: Արդեն երրորդ տարին մենք միասին այս փառահեղ տոնը նշում ենք Ստեփանակերտում և կարծում եմ` սա շատ լավ ավանդույթ է և իր մեջ ունի նաև բովանդակություն:

Արցախում տեղի են ունեցել նախագահական և խորհրդարանական ընտրություններ և ուզում եմ նաև այդ առիթով շնորհավորել Ձեզ: Առաջիկայում նորընտիր նախագահի պաշտոնամուտն է լինելու, բայց ես ուզում եմ իմ գնահատանքի խոսքերն ասել Ձեզ այս ընթացքում մեր համատեղ աշխատանքի համար: Համոզված եմ, որ մենք դեռ շատ երկար քննարկելու, աշխատելու, այս ընթացքում նախանշած ծրագրերն իրականացնելու հնարավորություններ և առիթներ կունենանք:

Ուզում եմ արձանագրել, որ չնայած կորոնավիրուսի այս համաճարակին` Արցախը և Ստեփանակերտը գտա բարձր տրամադրությամբ: Մեր միասնական ու ազգային խնդիրն այն է, որ ամեն մայիսի 9-ը Արցախում, Հայաստանում և ընդհանրապես հայության շրջանում լինի առավել տոնական, ապագային մեր հայացքը լինի առավել լավատեսական, այսօրվա մեջ լինենք առավել վստահ: Ես համոզված եմ, որ այդպես էլ կլինի, որովհետև մեր ժողովուրդն ունի հսկայական ներուժ, այդ ներուժի մի չնչին մասն է իրականում իրացված և օգտագործված, և մայիսի 9-ը, Շուշին մեզ առավել մեծ վստահություն են տա լիս մեր ուժերի, մեր ապագայի, մեր այսօրվա նկատմամբ: Մենք բոլորս հավաքական և միասնական պարտք ունենք մեր նահատկների առաջ: Պետք է պատվով կատարենք այդ պարտքը և այդ պարտքը տասնապատկված վերադարձնենք նրանց սերունդներին: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ»:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Արցախի կառավարությունների միջև հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել