Փոփոխություններ նախադպրոցական տարիքային խմբերում․ 3 տարեկանի փոխարեն՝ սկսած 0 տարեկանից

Ազգային ժողովը մայիսի 6-ին ընդունեց «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը, որը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հեղափոխական նախագիծ համարեց։

Իրավաբան․net-ը տեղեկացնում է, որ օրենքի 6-րդ հոդվածով սահմանվում է նախադպրոցական տարիքը․

1. Նախադպրոցական տարիքը երեխայի ֆիզիկական, հոգեբանական եւ սոցիալական կայացման ժամանակաշրջանն է: Յուրաքանչյուր  տարիքի համար այն հաշվարկվում է մինչեւ տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը լրանալը:

2. Նախադպրոցական տարիքային փուլերն են՝

  • ա) վաղ մանկության տարիք՝ 0-ից մինչեւ 2 տարեկան հասակը.
  • բ) կրտսեր նախադպրոցական տարիք՝ 2-ից մինչեւ 4 տարեկան հասակը.
  • գ) միջին նախադպրոցական տարիք՝ 4-ից մինչեւ 5 տարեկան հասակը.
  • դ) ավագ նախադպրոցական տարիք՝ 5-ից մինչեւ 6 տարեկան հասակը:

3. Նախադպրոցական ուսումնական հաստատությունում երեխաների տարիքային հենքի եւ անհատական զարգացման առանձնահատկությունների հիման վրա ձեւավորվում են հետեւյալ տարիքային խմբերը.

  • 1) վաղ մանկության տարիքի առաջին խումբ՝ 0-ից մինչեւ 1 տարեկան հասակը.
  • 2) վաղ մանկության տարիքի երկրորդ խումբ՝ 1-ից մինչեւ 2 տարեկան հասակը.
  • 3) կրտսեր առաջին խումբ՝ 2-ից  մինչեւ 3 տարեկան հասակը.
  • 4) կրտսեր երկրորդ խումբ՝ 3-ից  մինչեւ 4 տարեկան հասակը.
  • 5) միջին խումբ՝ 4-ից մինչեւ 5 տարեկան հասակը.
  • 6) ավագ խումբ՝ 5-ից մինչեւ 6 տարեկան հասակը:

5. Ավագ խմբում 6 տարեկան երեխայի ուսուցումն ու զարգացումը կազմակերպվում է մինչեւ տվյալ տարվա օգոստոսի 31-ը՝ անկախ երեխայի 6 տարեկանը լրանալու ժամանակահատվածից:

6. Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի համաձայն՝ կարող են ձեւավորվել տարատարիք, կրթական տարբեր ծրագրեր յուրացնող երեխաներով ձեւավորված խմբեր:

Մինչ այս օրենքի ընդունումը նախադպրոցական տարիքային փուլերն են՝

  • ա) վաղ տարիք` մինչև 3 տարեկան.
  • բ) կրտսեր նախադպրոցական` 3-ից մինչև 5 տարեկան.
  • գ) ավագ նախադպրոցական` 5-ից մինչև 6 տարեկան:

7-րդ հոդվածով սահմանվում է երեխայի ընդունելությունը նախադպրոցական ուսումնական հաստատություն, տարիքային  խմբերի համալրումը․

1. Երեխայի ընդունելությունը նախադպրոցական ուսումնական հաստատություն, անկախ կազմակերպական-իրավական ձեւից, իրականացվում է  ծնողի (երեխայի օրինական ներկայացուցչի) դիմումի, հաստատության ու ծնողի (երեխայի օրինական ներկայացուցչի) միջեւ կնքված պայմանագրի հիման վրա՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով:

2. Ազգային փոքրամասնությանը պատկանող երեխայի ընդունելությունը հաստատություն կարող է կատարվել երեխայի մայրենի լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող հաստատությունում, իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կարող է կատարել ծնողը (երեխայի օրինական ներկայացուցիչը):

3. Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կամ երկքաղաքացու, ինչպես նաեւ այն  դեպքում, երբ ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, մյուսը՝ օտարերկրացի, երեխայի ուսուցման լեզվի ընտրությունը կարող է կատարել  ծնողը (երեխայի օրինական ներկայացուցիչը)՝ անկախ ազգային պատկանելությունից:

4. Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից: Տարիքային խմբերում երեխաների հարմարվողականության փուլի առանձնահատկությունները, կրթական ծրագրերի յուրացման ժամկետները, շաբաթական պարապմունքների բաշխման ցանկը, օրինակելի ռեժիմները սահմանվում են կրթական ծրագրերով:

5. Տարիքային խմբերի ձեւավորումը եւ երեխաների տեղափոխումը այլ տարիքային խմբեր, կատարվում է յուրաքանչյուր տարվա օգոստոսի 20-ից մինչեւ 30-ը: Ազատ տեղերը համալրվում են ամբողջ տարվա ընթացքում՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով:

6. Հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով, միայնակ ծնողների,  բազմազավակ (3 եւ ավելի երեխա ունեցող) ծնողների երեխաները, ինչպես նաեւ ծնողազուրկ երեխաները օգտվում են նախադպրոցական ուսումնական հաստատություններ ընդունվելու առաջնահերթության  իրավունքից՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով:

Մինչ այս օրենքի ընդունումը նախադպրոցական ուսումնական հաստատության խմբերի համալրումը, որպես կանոն, իրականացվում է տարիքային, ընտանեկան և ազգակցական հատկանիշներով: Նախադպրոցական ուսումնական հաստատությունների խմբերի խտությունը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

Օրենքն ուժի մեջ է մտնում մայիսի 21-ից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել