Մայիսի 9-ին, ժամը 09։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Զինվորական Կոմիսարիատի մոտակայքում դի է հայտնաբերվել։
Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աղբյուրակի ջրամբարում հայտնաբերվել է Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի բնակիչ Ծաղիկ Զ.-ի դին (ծնված 1945 թ.)։
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին, ժամը 10։54-ին Հրազդան գետի մոտակայքում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակելու համար դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ օպերատիվ խումբը։
Մայիսի 4-ին, ժամը 08:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի բնակիչ Ծաղիկ Զ.-ն (ծնված 1945 թ.) երկու օր առաջ դուրս է եկել տնից եւ չի վերադարձել:
Որոնողական աշխատանքներում ներգրավվել են ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական եւ հատուկ ջրափրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ եւ օպերատիվ խումբը:
Ջրափրկարարները եւ ոստիկանության աշխատակիցները Հրազդան գետում եւ մոտակայքում (մոտ 9 կմ) իրականացրել են որոնողական աշխատանքներ, որը ժամը 17:00-ին դադարեցվել է անարդյունք:
Մայիսի 5-ին, ժամը 10:15-ին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ վերսկսել է որոնողական աշխատանքները, որը ժամը 17:58-ին ավարտվել է անարդյունք:
Մայիսի 6-ին ժամը 10։21-ին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մեկնել է Հրազդան գետում եւ մոտակայքում որոնողական աշխատանքները շարունակելու:
Փրկարարները եւ ոստիկանության աշխատակիցներն Աղբյուրակի ջրամբարում, Հրազդան գետում եւ մոտակայքում իրականացրել են որոնողական աշխատանքներ, որոնք ավարտվել են անարդյունք: