Անի Սամսոնյանը հայտարարեց, որ ԿԳՄՍ-ն բողոքների թվով ռեկորդ է սահմանել․ Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Անհարմար բան ստացվեց, տիկին Սամսոնյան

Այսօր իմ նախկին գործընկեր Անի Սամսոնյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ԿԳՄՍ նախարարությունը բողոքների թվով ռեկորդ է սահմանել՝ ոստիկանությունից և դատական համակարգից հետո:

Իրոք, Մարդու իրավունքների պաշտպանի նախորդ տարվա զեկույցում նշվում է, որ գրասենյակը 981 բողոք ստացել է ոստիկանության վերաբերյալ, 800 բողոք՝ դատաիրավական համակարգի վերաբերյալ, 730 բողոք՝ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության ոլորտից:

Քիչ առաջ խնդրեցի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին տալ բողոքների բացվածքը: Ըստ տեղեկանքի՝ 730 դիմումից 74-ը եղել են բանավոր, 656-ը գրավոր: Ու ամենակարևորը՝ 656 դիմումից 557-ը վերաբերել են մեկ խնդրի՝ Ավշարի դպրոցի խնդրին, երբ ծնողները, համաձայն չլինելով նոր տնօրենի ընտրության հետ, յուրաքանչյուրը գրել է մեկ դիմում նույն խնդրի վերաբերյալ՝ հարցին ավելի մեծ հնչեղություն տալու համար: Այսինքն, մեր հսկայական ոլորտի բողոքների թիվը կազմում է մեկ տարվա համար ընդամենը 174 բողոք: Ցավոք, տիկին Սամսոնյանի համար, սա հակառեկորդ է, որովհետև ստացվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից առանձնացված 16 ոլորտից ԿԳՄՍ-ն զբաղեցնում է ներքևից չորրորդ հորիզոնականը:

Ի պատասխան այն հարցադրմանը, թե ինչու ես ելույթ չունեցա հաշվետվության ժամանակ, ապա նշեմ, որ ԱԺ կանոնակարգ սահամանդրական օրենքով մինչև 3 նախարար են ելույթ ունենում: Շատ բան ունեմ ասելու և ասել եմ, ինչը տիկին Սամսոնյանը կարող էր գալ և լսել հանձնաժողովում հաշվետվության ժամանակ: Ամբիոնից որակյալ ելույթ ունենալու համար հանձնաժողովներում նախարարներին լսելը ճիշտ է:

Ինչ վերաբերում է դպրոցների խորհուրդները կուսակցականներով լցնելու պնդմանը, ես որևէ տեղեկություն չունեմ, որ իմ պաշտոնավարման արդյունքում որևէ ՔՊական տնօրեն է դարձել: Գուցե մեկ-երկուսը լինեն, բայց ոչ կուսակցական լինելու պատճառով, այնինչ իմ պաշտոնավարման ժամանակ եղել են հարյուրավոր մրցույթներ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել