Աղետի գոտու բնակավայրերում 229 ընտանիքի բնակարանային խնդիրը կլուծվի․ կառավարությունը որոշումն ընդունեց

Կառավարությունը մայիսի 7-ին ընդունեց որոշում, որի նպատակը՝ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շարունակական իրականացման և ավարտման համար ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախա­տես­ված հատկացումների հաշվին իրականացվելիք միջոցառումներն ամրագրելու անհրաժեշտությամբ:

Ծրագրի շրջանակներում Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում շահառու ճանաչված 5406 ընտանիքից (ներառում է նաև բնակարանային պայմանների բարելավման իրավունքը դատական կարգով վերականգնած ընտանիքներին)  2008-2017թթ. մոտ 65 մլրդ. դրամ միջոցների հաշվին, լուծվել է 4838 ընտանիքի բնակարանային խնդիր:

2018թ. բյուջեով հատկացված 560.0 մլն. դրամի հաշվին լուծվել է ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերի 44 ընտանիքի բնակարանային խնդիր՝ բնակելի տների կառուցմամբ, իսկ տնտեսված միջոցների հաշվին կառուցման փուլում է գտնվում ևս 7 ընտանիքի բնակարանային խնդիր:

2019թ. բյուջեով նախատեսված 560.0 մլն դրամի հաշվին լուծման ընթացքում է գտնվում 61 ընտանիքի բնակարանային խնդիր:

Արդյունքում, 2019 թվականի տարեվերջի դրությամբ դեռևս լուծման կարիք ուներ մոտ 460 ընտանիքի (227+229=456) բնակարանային խնդիր:

Նշված մոտ 460 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար պահանջվում էր՝

  • 3․0 մլրդ դրամ՝ ԲԳՎ-ի տրամադրման տարբերակի,
  • 7․5 մլրդ դրամ՝ ԲԳՎ+շինարարություն տարբերակների,
  • 11․0 մլրդ դրամ՝ միայն շինարարության տարբերակի համար:

2019 թվականին նշված ընտանիքներից 227-ը նախընտրել են ԲԳՎ տարբերակը, և Կառավարության պահուստային ֆոնդից հատկացված մոտ 1,29 մլրդ դրամի հաշվին ներկայումս լուծման ընթացքում է գտնվում նրանց բնակարանային խնդրի լուծումը:

Մնացած 229-ը նախընտրել են բնակարանային շինարարություն և սույն որոշման նախագիծն ուղղված է այդ ընտանիքների բնակարանային խնդրի լուծմանը:

229 ընտանիքից՝

  • 13-ին տրամադրվում է ֆինանսական աջակցություն (ԲԳՎ և ուղղակի)՝ համաձայն  ՀՀ վարչապետի հանձնարարությամբ նրանց շրջանում կատարված լրացուցիչ հարցման,
  • 216-ի համար նախատեսվում է կառուցել բնակելի տներ:

Ընդ որում, շինարարական աշխատանքներն կազմակերպվելու են ՀՀ Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզպետների աշխատակազմերի կողմից՝ «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգոր­ծա­կան հասարակական կազմակերպության աջակցությամբ: Այսինքն, նույն ընթացակարգով, որը կիրառվում է 2018 թվականից:

Հաշվի առնելով արտաբյուջետային հաշիվների վերաբերյալ Կառավարության քաղաքականությունը՝ գումարներն ուղղվելու են նոտարների դեպոզիտային հաշիվներին, որտեղից կատարվելու են վճարումները:

Ծրագրի ժամկետ է նշվել 2021 թվականը՝ հաշվի առնելով կորոնավիրուսի (COVID-19) տարածման հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը:

Ըստ նախնական հաշվարկների անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը մոտ 750.0 մլն. դրամով ավելին է ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցներից: Սակայն, Ծրագրի իրականացման ընթացքից կախված, կներկայացվի առաջարկություն՝ Ծրագրի շրջանակներում առաջացած տնտեսումներն, ինչպես նաև լրացուցիչ միջոցներ այս նպատակին ուղղելու համար:

Նշված միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է լուծել ծրագրի շահառու ճանաչված 229 ընտանիքի բնակարանային խնդիր և դրանով ավարտել Ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների նկատմամբ ձևավորված պետական պարտավորությունների կատարումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել