Վայոց ձորի մարզի «Փոռ գյուղի հիմնական դպրոց»-ը կմիացվի Վայոց ձորի մարզի «Ազատեկ գյուղի միջնակարգ հանրակրթական դպրոց»-ին: ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կողմից մշակված ՀՀ կառավարության որոշման նախագիծն այսօր հաստատվել է:
Նախագիծը մշակելու համար հիմք է ծառայել այն փաստը, որ «Փոռ գյուղի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում աշակերտական համակազմ չձևավորվելու պատճառով ներկայումս դպրոցը չի գործում, սակայն գյուղում նախադպրոցական տարիքի երեխաներ կան, որոնք հետագայում կարող են հաճախել դպրոց:
Ըստ որոշման` Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը պետք է «Փոռ գյուղի հիմնական դպրոցի» շենքի պահպանման համար «Ազատեկ գյուղի միջնակարգ հանրակրթական դպրոց» ՊՈԱԿ-ում նախատեսի մեկ պահակակետի գծով անհրաժեշտ ծախսեր, որոշումն ուժի մեջ մտնելուց (որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից) հետո երկամսյա ժամկետում ապահովվի գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, նշված գույքի հանձնման-ընդունման ակտերի կնքումը, ինչպես նաև միացման պայմանագրի և փոխանցման ակտի հաստատումը, «Փոռ գյուղի հիմնական դպրոց»-ի գործունեության դադարման պետական գրանցումը՝ «Ազատեկ գյուղի միջնակարգ հանրակրթական դպրոցի» միջոցների հաշվին, ինչպես նաև «Ազատեկ գյուղի միջնակարգ հանրակրթական դպրոց» ՊՈԱԿ-ի կանոնադրությունում այս որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարի և պետական գրանցում իրականացնի:
Տեղեկացնենք, որ «Փոռ գյուղի հիմնական դպրոց»-ը ՀՀ պետական բյուջեից ֆինանավորվում էր 16.911.500 ՀՀ դրամ գումարի չափով: Ակնհայտ է, որ որոշումը հնարավորություն կստեղծվի կատարելու զգալի տնտեսում:
Աղբյուրը` Իրավաբան.net