Վրաստանյան ԶԼՄ-ներում Հայաստանի առողջապահության նախարարի խոսքն աղավաղված է ներկայացվել․ ՀՀ ԱՆ խոսնակ

Aliq.ge-ն գրել է․ «Ապրիլի տասի առավոտյան ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսից հետո Վրաստանի մի քանի լրատվամիջոցներ «Մենք այլևս չենք կարող վերահսկել վիրուսի դեպքերի տարածումը. ՀՀ ԱՆ» վերնագրով հոդվածներ հրապարակեցին:

Հոդվածում նշված է Արսեն Թորոսյանի ելույթի այս մասը․

«Մենք չենք կարող համարել, որ կորոնավիրուսի տարածումը կանգնում է և 100 տոկոսով մարում է: Առաջ, երբ ունենում էինք 50 դեպք մի աղբյուրից, օրինակ՝ մի արտադրամաս, հիմա ունենում ենք 16, 20, 30 դեպք, բայց 10 կամ 20 տարբեր աղբյուրներից: Հետևաբար, վիրուսի շրջանառությունը որպես այդպիսին դուրս է եկել վերահսկողությունից, բայց մեր խնդիրն է ամեն հնարավոր դեպքը գտնել և անել նույն գործողությունները, որոնք արել ենք մինչև հիմա՝ թեստավորել, հաստատել, մեկուսացնել և բուժել»:

Ու թեև վրացական ԶԼՄ-ներում հրապարակված հոդվածների բուն բովանդակությունը համապատասխանում է նախարարի խոսքին, սակայն շփոթմունք առաջացնող վերնագրի հետևանքով նշված հոդվածները լայն քննարկման առիթ դարձան սոցիալական ցանցերի վրացական տիրույթում՝ հիմնականում առաջացնելով խուճապային տրամադրություններ։

«Ալիք մեդիային» ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ասում է.

«Նախարարի խոսքը, մասնավորապես այն, որտեղ ասում է, որ «վիրուսի շրջանառությունը որպես այդպիսին դուրս է եկել վերահսկողությունից», կապված է ոչ թե դեպքերի ու աղբյուրների հետ, այլ նրա, որ եթե նախկինում ունեինք առանձնակի օջախներ, ապա այժմ գրանցվում են առանձին այլ դեպքեր։ Ուստի, նշել, թե «Մենք այլևս չենք կարող վերահսկել վիրուսի դեպքերի տարածումը» չի համապատասխանում իրականությանը»:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ի դրւթյամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 937 դեպք, որոնցից առողջացել է 149 մարդ, մահացել է՝ 12-ը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել