Արտակարգ դրության երկարաձգումը իրավաչափ է․ Սյուզաննա Սողոմոնյան

Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարել է, թե ՀՀ ամբողջ տարածքում արտակարգ դրությունը 30 օրով երկարաձգելը օրենքով անհնար է։

«Իրազեկում եմ Ձեզ, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը: Հետևաբար, ամբողջ Հանրապետության տարածքում նույն ռեժիմի երկարաձգումն օրենքով այլևս անհնար է»,- գրել է նա։

Իրավաբան․net-ը հարցի վերաբերյալ զրուցել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանի հետ։

Նրա խոսքով՝ օրենքը արտակարգ դրության երկարաձգումը իրավաչափ է։

««Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը:

Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետների ավարտից հետո արտակարգ դրությունը դադարում է: Եթե մինչև նշված ժամկետների ավարտը չեն վերացել այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, արտակարգ դրության ժամկետը կարող է երկարաձգվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` սույն օրենքով արտակարգ դրություն հայտարարելու համար սահմանված կարգով և սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները չգերազանցող ժամկետներով:

Նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

Այսպիսով, օրենքը արտակարգ դրության երկարաձգումը իրավաչափ է դիտում երկու պայմանի առկայությամբ․ կարգ և ժամկետ, ինչը նշանակում է, որ որ եթե մինչև ապրիլի 14-ը չեն վերացել արտակարգ դրություն հայտարարելու հանգամանքները, ապա Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետի երկարացումը թույլատրելի է մինչև 30 օր ժամկետով՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշման հիման վրա»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել