Ազգային ժողովի պատգամավոր Արման Աբովյանը առաջարկում է փոփոխություններ կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում։
Առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում համաճարակի տարածման հիմքով արտակարգ իրավիճակի պայմաններում հայտարարված արտակարգ դրության ողջ ընթացքում ֆիզիկական անձանց` ցանկացած արժույթով բանկային հաշիվների նկատմամբ կիրառված արգելանքը մինչեւ հինգ հարյուր հազար ՀՀ դրամի չափով կասեցնել և նոր արգելանքներ չկիրառել:
«2020 թվականին Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում սահմանափակվեց մարդու ազատ տեղաշարժը: Կորոնավիրուսի տարածումը դանդաղեցնելու և դրա դեմ պայքարելու նպատակով խրախուսվեց հնարավորինս մարդկային տեղաշարժի կասեցումը եւ սահմանափակումը, հեռավար աշխատանքային գործունեությունը եւ առեւտրային գործունեության որոշ տեսակների դադարեցումը: Այլընտրանքային աշխատանքի բացակայությունը արտակարգ դրության պայմաններում հանգեցնում է քաղաքացիների մոտ կանխիկ միջոցների սահմանափակումների, ուստի քաղաքացիները ստիպված են լինում օգտվել բանկային հաշիվներից, որում առկա դրամական միջոցները կարող են արգելանքի տակ լինել՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով` հարկադիր կատարողի կողմից:
Կարծում ենք, որ երկրում ստեղծված իրավիճակը եւ քաղաքացիների ֆինանսական վիճակը հնարավորինս թեթեւացնելու նպատակով անհրաժեշտ է կասեցնել ԴԱՀԿ-ի կողմից՝ ֆիզիկական անձանց մինչեւ հինգ հարյուր հազար ՀՀ դրամի չափով բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա կիրառված արգելանքները, նոր արգելանքներ չկիրառել եւ հնարավորություն ընձեռել քաղաքացիներին՝ արտակարգ դրության ողջ ընթացքում վերոնշյալ միջոցների հաշվին հոգալու իրենց առաջնային պահանջմունքները:
Առաջարկվող օրենքի ընդունմամբ հնարավորություն կտրվի քաղաքացիներին ապահովել իրենց մինիմալ կենսամակարդակը»,-նշել է նա: