Ֆիզիկական և իրավաբանական անձից վարչական ակտի հիման վրա որոշակի դրամական գումարներ բռնագանձելու նպատակով վարչական մարմինը հայցով դիմում է դատարան՝ ստանալու վճարման կարգադրություն: Վճարման կարգադրություն արձակելու հայցադիմումն ամբողջովին մերժելու մասին միջանկյալ դատական ակտ չկայացնելու դեպքում դատարանն առանց նիստ հրավիրելու արձակում է վճարման կարգադրություն: Վճարման կարգադրություն արձակելիս դատարանն ըստ էության չի ստուգում պահանջի հիմքում ընկած վարչական ակտի օրինականությունը:
Վճարման կարգադրությունը ներառում է կարգադրություն` վճարման կարգադրությունը ստանալու կամ պատշաճ ծանուցված համարվելու պահից երկու շաբաթվա ընթացքում կատարելու հետևյալ գործողություններից որևէ մեկը.
ա. կատարել վճարման պահանջը, եթե պատասխանողը պահանջը հիմնավորված է համարում,
բ. ներկայացնել հակընդդեմ հայց` վարչական ակտը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ, եթե պատասխանողը վարչական ակտը համարում է ապօրինի:
Հակընդդեմ հայց ներկայացնելու դեպքում Դատարանը վճարման կարգադրության վարույթից անցում է կատարում հայցային վարույթի, և վճարման կարգադրությունը վերանում է: Հայցային վարույթի ընթացքում դատարանը քննում է վարչական ակտի օրինականության, հետևաբար և դրամական պահանջի հիմնավորվածության հարցը: Հայցային վարույթի արդյունքում պարտվող կողմը կրում դատական ծախսերը:
Սահմանված ժամկետում հակընդդեմ հայց չներկայացնելու դեպքում վճարման կարգադրությունը ստանում է օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ և ենթակա է հարկադիր կատարման:
Աղբյուրը` Իրավաբան.net