ՃՈ ոստիկանները վարչական վարույթի վերաբերյալ ծանուցում չէին ուղարկել

ՀՀ վարչական դատարանում քննվել գործն ըստ հայցի Յուրի Շահգելդյանի ներկայացուցիչ Վահե Գաբրիելյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության, երրորդ անձ՝ «Գետամիջյան թռչնաֆաբրիկա» ՍՊ ընկերություն` միջամտող վարչական ակտն անվավեր ճանաչելու (ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 20.08.2011 թվականի թիվ ԱԳ 497570 որոշումը անվավեր ճանաչելու պահանջի մասին) և վերացնելու պահանջի մասին:

Հայցվորի խոսքով՝ 26.06.2011 թվականին՝ ժամը 2։40-ի սահմաններում, Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում միմյանց են ընդհարվել հայցվորի վարած՝ «Շևրոլե» մակնիշի և Վահե Վարդանյանի վարած «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները։ Ավտովթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Հայցվորը իրեն ամրակցված ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայով Հերացի փողոցի կողմից դեպի Գայի պողոտայի ուղղությամբ 2-րդ գոտով, շուրջ 50-60 կմ/ժամ արագությամբ։ Այդ ընթացքում չհասած «Արքայաձոր» ռեստորանային համալիրին, շուրջ 20 մետր հեռավորությունից նկատել է մայթին կանգնած քաղաքացիների, որոնցից մեկը ձեռքը պարզելով կանգնացրել է ավտոմեքենան։ Հայցվորը աջ վերադասավորվելու նպատակով միացրել է աջ լուսային ցուցիչը, զիջել է աջ գոտով ընթացող ավտոմեքենային և անցնելով այդ քաղաքացիներից ևս 15 մետր վերադասավորվել է 1-ին ընթացագոտի և այդ ժամանակ զգացել է ավտոմեքենայի աջ կողային մասից հարված ու տեսել, որ իրեն է ընդհարվել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան։

Ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում նախապատրաստվել են թիվ 644 նյութերը և նախապատրաստված նյութերի հիման վրա կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում։

Նշված որոշման 2-րդ կետի համաձայն՝ որոշումը ուղարկվել է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության վարչական գործունեության բաժանմունք, ավտովթարի մասնակիցներին վարչական պատասխանատվության ենթարկելու համար։

Նշված որոշման և նախապատրաստված թիվ 644 նյութերի հիման վրա՝ 20.08.2011 թվականին, ճանապարհային ոստիկանության կողմից կայացվել է վարչական իրավախախտման գործով թիվ ԱԳ 497570 որոշումը, որի համաձայն՝ Յուրի Շահգելդյանը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնների 36 և 39 կետերի պահանջները և տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի կապակցությամբ վերջինիս նկատմամբ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 124.6 հոդվածի 1-ին մասի համաձայն, նշանակվել է տուգանք 20.000 ՀՀ դրամի չափով։ Նշված որոշումը հայցվորը ստացել է 22.08.2011 թվականին և համաձայն չլինելով որոշման հետ` այդ մասին նշում է կատարել վարչական ակտում։

Սույն գործով դատարանը հանգեց հետևության, որ հայցը ենթակա է բավարարման: Դատարանը գտել է, որ Յուրի Շահգելդյանը վարչական վարույթի վերաբերյալ ծանուցված չի եղել, այլ միայն վերջինս հրավիրվել է ոստիկանության բաժին արդեն իսկ կազմված արձանագրության և որոշման հետ ծանոթանալու և ստորագրելու համար, որի հետևանքով խախտվել է օրենքի պահանջը։ Վարչական վարույթի մասին ծանուցելը կարևոր նախապայման է մասնակցի համար օրենքով սահմանված այլ իրավունքներից օգտվելու համար, ինչպիսին է օրինակ լսվելու իրավունքը, որը սահմանված է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով։ Մասնավորապես, նշված հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական

Դատարանը եզրակացրել է, որ ՀՀ ՃՈ կողմից օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ վարչարարություն չի իրականացվել, այլ միայն հիմք ընդունելով Երևան քաղաքի քննչական ՃՏՀ քննության բաժնի ավագ քննիչ Ա.Վանյանի կողմից 05.08.2011թ.-ին կայացրած «Քրեական գործի հարուցումը մերժելու մասին» որոշումը, Յուրի Շահգելդյանին ենթարկել է վարչական պատասխանատվության։ Ուստի դատարանը գտել է, որ Յուրի Շահգելդյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության՝ միջամտող վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին ենթակա է բավարարման, իսկ 20.08.2011 թվականի թիվ ԱԳ 497570 որոշումը անվավեր ճանաչման։

Ներկայումս սույն գործի քննությունը շարունակում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել