ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կալանավորման որոշումը մնաց ուժի մեջ։ Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Հիշեցնենք` պաշտպանները բողոքարկել էին Կոստանյանին կալանավորելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի դեկտեմբերի 4-ի որոշումը։ Դատարանը արդեն 4 օր է խորհրդակցական սենյակում է։
Գևորգ Կոստանյանին «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում էր կայացվել։ Քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի կարգով նրան առաջարկվել էր 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար։ Նա չի ներկայացել ՀՔԾ։
Նշենք, որ ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ, և դրանում շոշափվում էին նաև Կոստանյանի և ոստիկանապետի նախկին տեղակալ Գևորգ Մհերյանի անունները: