ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանական խումբը միջնորդություն է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն՝ դեկտեմբերի 30-ին նախատեսված հարցաքննությունը հետաձգելու պահանջով: Այս մասին Իրավաբան․net-ին հայտնեց ՍԴ նախագահի պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Ամրամ Մակինյանը:
«Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի՝ այսօր ժամը 10:30-ին նշանակված հարցաքննությունը չի կարող տեղի ունենալ, քանի որ պաշտպանական խմբի անդամ Միհրան Պողոսյանը գտնվում է արձակուրդում և բացակայում է հանրապետությունից, իսկ ես ունեմ նախապես նշանակված դատական նիստեր: Միջնորդել ենք պարոն Թովասյանի հետ իրականացվելիք քննչական գործողությունը հետաձգել և նշանակել Ամանորի տոներից հետո»,-պարզաբանել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ՝ դեկտեմբերի 27-ին մեղադրանք է առաջադրվել ՍԴ նախագահին: Նույն օրը քննիչները ՍԴ-ում հարցաքննել էին Հրայր Թովմասյանին, այնուհետ նրան դեկտեմբերի 30-ին հրավիրել էին ՀՔԾ: Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-ի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):Թովմասյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ այն որակելով քաղաքական ճնշում բարձրագույն դատարանի նկատմամբ: