ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժինը վարույթ է ընդունել տաքսու վարորդի նկատմամբ խուլիգանական դրդումներով բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը:
Քրեական գործի շրջանակներում 48 ամյա տղամարդն ունի կասկածյալի դատավարական կարգավիճակ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է Mercedes-ի վարորդը Երևանում՝ Պռոշյան փողոցում, ծեծի ենթարկում տաքսու տարեց վարորդին:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի (խուլիգանություն) հատկանիշով։
Կատարվում է նախաքննություն։