Քաղցրավենիքի տուփերից հայտնաբերվել է  «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի 516 դեղահաբ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը ՀՀ ոստիկանության հետ համատեղ կանխել է մաքսանենգ ճանապարհով թմրանյութերի ներկրման հերթական փորձը։ Իրականացված միջոցառումների արդյունքում Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մաքսային զննության են ենթարկել Վրաստանից Բագրատաշենի մաքսային կետ-բաժին ժամանած ՀՀ քաղաքացի Կ.Հ-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը:

Այս մասին տեղեկացնում են Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից:

Հսկողության արդյունքում մեքենայի բեռնախցիկում գտնվող քաղցրավենիքի տուփերից հայտնաբերվել է «B8» նշագրմամբ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի 516 դեղահաբ, որոնք միախառնված են եղել կոնֆետների հետ:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ քննչական վարչությանը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:  Քաղաքացի Կ.Հ-ն և ավտոմեքենայի ուղևոր Ա.Ք-ն ձերբակալվել են:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել