ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 48-ամյա տղամարդուն անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն, 2019 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Լոռու մարզի 46-ամյա բնակիչը, Վանաձոր քաղաքի Մոսկովյան հասցեում գտնվող` հորեղբոր որդուն պատկանող կիսակառույց շենքի կացարանում, ալկոհոլ օգտագործելուց հետո, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նույն կացարանում ժամանակավոր բնակվող 48-ամյա տղամարդու հետ, որի ընթացքում ավտոմեքենայի հարվածամեղմիչով դիտավորությամբ հարվածել է վերջինիս գլխին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: 2019թ. օգոստոսի 16-ին 48-ամյա տղամարդը մահացել է՝ գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարումից:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 1973թ. ծնված Լոռու մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: