Դատարանին ուղղված փաստաթղթերը նախ մուտք են լինում գրասենյակ

Դատարանում ստացված բոլոր փաստաթղթերը, բացառությամբ դատական նիստի ընթացքում ներկայացված և արձանագրված փաստաթղթերի, ընդունվում, ստուգվում, գրանցվում (հաշվառվում) են դատարանի գրասենյակում, այնուհետև հանձնարարության (մակագրության) համապատասխան անմիջապես հանձնվում են ըստ պատկանելիության։

 

Փաստաթղթերը դատարան ներկայացվում են առձեռն կամ փոստային (սուրհանդակային) ծառայության միջոցով։

 

Փաստաթղթերն առձեռն ստանալիս գրասենյակի պատասխանատու դատական ծառայողն ստուգում է փաստաթղթի ամբողջականությունը` կից փաստաթղթերի ցանկի կամ որևէ փաստաթղթի, փաստաթղթի հավելվածի հետ։

 

Ներկայացված փաստաթղթի ամբողջականությունն ստուգելուց հետո գրասենյակի պատասխանատու դատական ծառայողը փաստաթղթի պատճենի կամ երկրորդ օրինակի վրա դնում է փաստաթղթերի ստացման դրոշմակնիքը, նախատեսված մասում լրացնում ստացման ամսաթիվը (անհրաժեշտության դեպքում ժամը) և փաստաթղթի ստացումը հավաստում է իր ստորագրությամբ։

 

Բոլոր ծրարներն ու փոստային առաքումները, բացառությամբ «գաղտնի» նշում ունեցողների, բացվում են գրասենյակի պատասխանատու դատական ծառայողի կողմից։

 

Գաղտնի փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է համապատասխան լիազորություն ունեցող հատուկ նշանակված աշխատողի կողմից։

 

Ծրարները կցվում են ստացված փաստաթղթերին և պարտադիր պահպանվում են դրանց հետ։ Մեկ ծրարով ստացված մի քանի առանձին փաստաթղթերի դեպքում ծրարը կամ պատճենահանվում և կցվում է բոլորին, կամ կցվում է փաստաթղթերից մեկին` մյուսների վրա կատարելով համապատասխան նշում ծրար պարունակող փաստաթղթի համարի մասին։

 

Գրասենյակի պատասխանատու դատական ծառայողն ստուգում է ստացված փաստաթղթերի, ծրարների, փաթեթների և այլ փոստային առաքումների հասցեների ճշտությունը, փաստաթղթերի և ծրարների ամբողջականությունը, ուղարկված գործերի և նյութերի համապատասխանությունը ցուցակին, դրոշմում է փաստաթղթերի մուտքի դրոշմակնիքով, նշում ստացման ամսաթիվը, տեսակավորում, գրանցում մուտքի մատյանում, այնուհետև հանձնարարության (մակագրության) համապատասխան հանձնում ըստ պատկանելիության։

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել