«Կանանց աջակցման կենտրոն»-ի կողմից այսօր տարածված հաղորդագրության կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ հայտարարության մեջ նշված հանգամանքները ստուգելու համար:
Նշենք, որ կենտրոնը բաց նամակով դիմել էր ՀՀ Վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին, Կանանց Խորհրդի նախագահ պարոն Տիգրան Ավինյանին, Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ տիկին Նաիրա Զուրաբյանին, Մարդու իրավունքների պաշտպան պարոն Արման Թաթոյանին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար տիկին Զարուհի Բաթոյանին:
«Ա. Մ.-ն հանդիսանում է «Կանանց Աջակցման Կենտրոն» հասարակական կազմակերպության (այսուհետ նաև՝ Կենտրոն) շահառուն, ով ընտանիքի անդամի՝ ամուսնու կողմից մշտապես ենթարկվել է դաժան ֆիզիկական և հոգեբանական բռնությունների:
Կենտրոնի կողմից Ա.Մ.-ին տրամադրվել է համապատասխան աջակցություն, այդ թվում՝ ժամանակավոր կացարան՝ ապաստարան:
2019 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի մարզային բաժնի քննիչի կողմից Ա. Մ.-ն որպես տուժող քրեական գործի շրջանակում հրավիրվել է քննչական բաժին՝ հարցաքննություն կատարելու նպատակով:
Արդեն քննչական բաժնում պարզվել է, որ քննիչը կանչել է Ա. Մ.-ին բռնարար ամուսնու հետ առերես հարցաքննելու համար:
Առերես հարցաքննությունից հետո, երբ շահառուն ցանկացել է Կենտրոնի փաստաբանի և սոցիալական աշխատողի ուղեկցությամբ հեռանալ քննչական բաժնից, նրա ամուսինը և որդին քննիչների ներկայությամբ կիրառել են բռնություն և ֆիզիկական ուժ Կենտրոնի աշխատողների և Ա. Մ.-ի նկատմամբ, վերջինիս քաշքշել են և հարկադրաբար, կամքին հակառակ տարել իրենց հետ:
Քննիչները դրսևորել են անգործություն և որևէ միջոց չեն ձեռնարկել:
Նշվածի կապակցությամբ անմիջապես հաղորդում է ներկայացվել ոստիկանության տարածքային բաժին, որի կողմից Ա.Մ-ն հայտնաբերվել է և նրա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մարմնական վնասվածքներ պատճառված լինելը պարզելու համար:
Դեպքի առնչությամբ՝ առանց տիրապետելու գործի փաստերին, կեղծ տեղեկություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն՝ պաշտոնապես հայտարարելով, որ կինն ինքնակամ է նստել ամուսնու մեքենան և մեկնել, առևանգման, բռնության կամ կնոջ կամքին հակառակ որևէ գործողության մասին ահազանգ չի եղել:
Ստացվում է, որ իրավապահ համակարգը ներկայացնող պետական կառույցը՝ ՀՀ քննչական կոմիտեն, իր գործողություններով, այդ թվում՝ հրապարակային արտահայտած դիրքորոշմամբ ոչ միայն պարտակում է կատարված հանցավոր արարքը՝ խրախուսելով այն կատարած անձի անօրինական վարքագիծը և կեղծում է իրական փաստերը, այլև քննիչի դրսևորած ոչ պրոֆեսիոնալ վարքագծի և կողմնակալ մոտեցման արդյունքում կինը հերթական անգամ ենթարկվում է բռնության ընտանիքի անդամների կողմից:
Նման պարագայում, ակնհայտ է, որ կատարված դեպքի մասով ոստիկանության կողմից նախապատրաստված նյութերով (օրինակ, ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի հատկանիշներով՝ մարդուն առևանգելը) հետագայում քննիչը պատշաճ և օբյեկտիվ քննություն չի իրականացնի, քանի որ կաշկանդված կլինի քննչական կոմիտեի արտահայտած դիրքորոշմամբ:
Բացի այդ, նախաքննական մարմինը ճիշտ տեղեկություն չի տրամադրել Կենտրոնին կատարվելիք քննչական գործողության վերաբերյալ: Քննիչը ծանուցել է բռնության ենթարկված անձին հարցաքննելու մասին, մինչդեռ, իրականում, կատարել է առերես հարցաքննություն բռնություն գործադրած անձի հետ՝ անտեսելով կրկնակի զոհականացման արգելքի պահպանման, նոր բռնության կիրառման վտանգի կամ իրական սպառնալիքի բացառման պահանջները:
Վերոգրյալի համատեքստում՝ արձանագրում ենք, որ խնդրահարույց և խտրական է ոչ միայն ընտանիքում բռնության դեպքերով քրեական հետապնդման իրականացման և գործի քննության հատուկ ընթացակարգերի բացակայությունը (օրինակ, դատավարական գործողությունները քրեական հետապնդման մարմնի գտնվելու վայրում կատարելը, ընտանիքում բռնության ենթարկված անձին և բռնություն գործադրած անձին առերես հարցաքննելը և այլն), այլև ի դեմս պետական մարմնի կամ պաշտոնյաների՝ ընտանիքում բռնության դեպքերը հովանավորելու և կոծկելու քաղաքականություն վարելը:
Նշվածի հիման վրա՝ խնդրում ենք հանձնարարել ուսումնասիրել սույն գործի փաստերը, միջոցներ ձեռնարկել Կենտրոնի շահառու Ա.Մ-ի՝ օրենքով ամրագրված իրավունքների խախտումներն արձանագրելու համար և պատասխանատու անձանց նկատմամբ կիրառել պատասխանատվության միջոցներ»,-նշված է հայտարարության մեջ: