Փաստաբան Աշխեն Դաշյանը անդրադարձել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագծին` նշելով, որ օրենքը ընդունվելու պարագայում հակասահմանադրական է, անձը 1000 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության որոշումը վիճարկելու համար պետք է վճարի իր սեփականության միջամտության քառապատիկի չափով, արդյունքում իրավական պաշտպանության միջոցը արդյունավետ և օգտակար չի կարող լինել:
««Պետական տուրքի մասին»ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագծի մասին, ըստ որի 2020թ հունվարի մեկից Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված որոշումները դատարան բողոքարկելու համար սահմանվելու է պետական տուրք 4000 ՀՀ դրամ։
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն մեծապես կարևորելով վարչական ակտերի նկատմամբ արդյունավետ դատական վերահսկողությունը՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության էական տարր, 2004 թվականի դեկտեմբերի 15-ին ընդունել է վարչական ակտերի դատական վերահսկողության 2000 20 հանձնարարականը, որտեղ մասնավորապես նշված է, որ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները պետք է ապահովեն, որպեսզի իրենց երկրի դատարանակազմությունը և դատական ընթացակարգերը համապատասխանեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջներին, որպեսզի երաշխավորվի վարչական ակտերի նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը:
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն՝ Յուրաքանչյուր ոք, ում Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:
Իրավական պաշտպանության ցանկացած միջոց, այդ թվում` դատական պաշտպանության միջոցը, պետք է լինի արդյունավետ, իրավունքի ցանկացած սուբյեկտի համար պետք է լինի օգտակար։
Սահմանադրական դատարանը 26.05.2015 թվականի 1210 որոշմամբ քննության առարկա է դարձրել այն հարցը, թե արդյո՞ք անձին տուգանքի տեսքով պատասխանատվության ենթարկելիս երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված դատական պաշտպանության արդյունավետ իրացման համար անհրաժեշտ և բավարար նախապայմաններ:
ՀՀ Սահմանադրական դատարանը վերոգրյալ հարցադրման ի պատասխան նշել է, որ տվյալ պարագայում օրենքով նախատեսված իրավաչափ պարտավորությունների կատարման համար վարչական միջոցների համաչափ գործադրումը չի կարող դիտվել սեփականության իրավունքի ոտնահարում, էական է այն հանգամանքը, որ վարչական միջամտության դեմ դատական բողոք բերելու արդյունավետ միջոցի երաշխավորումն է:
Օրենքը ընդունվելու պարագայում հակասահմանադրական է, անձը 1000 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության որոշումը վիճարկելու համար պետք է վճարի իր սեփականության միջամտության քառապատիկի չափով, արդյունքում իրավական պաշտպանության միջոցը արդյունավետ և օգտակար չի կարող լինել»,-նշել է փաստաբանը։