Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հայտարարություն է տարածել նշելով, որ այսօր նախարարական պետաիրավական կոմիտեի նիստում «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու իրենց ներկայացրած նախագծին կառավարությունը տվել է բացասական եզրակացություն:
««Լուսավոր Հայաստան» խմբակցությունը 18.11.2019թ․ շրջանառության մեջ է դրել «ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԱՆՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ նախագիծ, որով առաջարկում ենք մինչև 2019թ․ դեկտեմբերի 31-ը 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին հնարավորությու տալ՝ սահմանված ժամկետում մուծելու օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը և վերադառնալ հայրենիք՝ ազատվելով քրեական հետապնդումից։
Այսօր նախարարական պետաիրավական կոմիտեի նիստում կառավարությունը նախագծին տվեց բացասական եզրակացություն՝ նշելով, որ իրենց քաղաքականությունը փոխվել է և առաջիկայում կլինի համապարփակ լուծում՝ նկատի ունենալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախագիծը, որով առաջարկվում է վճարվելիք գումարն ավելացնել մոտ երկու անգամ և հանել վաղեմության ժամկետը՝ փաստացի բանակից խուսափելը հավասարեցնելով Խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցանքներին, ինչպիսիք են, օրինակ՝ ագրեսիվ պատերազմ սանձազերծելը, զանգվածային ոչնչացման զենք տարածելը, միջազգային ահաբեկչությունը, ցեղասպանությունը և Էկոցիդը։
Նշեմ նաև, որ նշված նախաձեռնությունը, հանդիպելով հասարակության բուռն քննադատությանը, անորոշ ժամկետով դուրս է բերվել շրջանառությունից։
Հիշեցնեմ, որ ավելի քան 10 000 ՀՀ քաղաքացի սպասում է որևէ լուծման, որպեսզի կարողանա վերադառնալ հայրենիք և փաստորեն, նրանց ճակատագիրը մնում է անորոշ»,-նշել է պատգամավորը։