Ինչու՞ Լեզվի պետական տեսչությունը պարտվեց

Ըստ ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածի` ՀՀ պետական լեզուն հայերենն է։ Ըստ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի` ՀՀ պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է Հանրապետության կյանքի բոլոր ոլորտները։

 

ՀՀ պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործավարությունը ոչ հայերեն վարելու, ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշերը, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները և գովազդները ոչ հայերեն ձևավորելու համար պատասխանատվություն է նախատեսված ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 189.3-րդ հոդվածով։

 

«Գովազդի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում գովազդի լեզուն գրական հայերենն է։ Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում միայն օտար լեզվով գովազդն արգելվում է։ Սույն դրույթը չի տարածվում օտար լեզուներով գրանցված ապրանքային նշանների և մակնիշների վրա։

 

2012 թվականի հուլիսին դիմելով վարչական դատարան` ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչությունը պահանջել է «Տրավլեքս» ՍՊԸ-ի տնօրեն Ռոբերտ Հակոբյանին ենթարկել վարչական պատասխանատվության այն բանի համար, որ ընկերության Երևանի Աբովյան 7 հասցեում գտնվող վարձույթի սրահի հրապարակային գրվածքները ոչ հայերեն են ձևավորված:

 

2012 թվականի մայիսի 30-ին տեսչության աշխատակիցները այցելելով ընկերություն պարզել են, որ «Տրավլեքս» ՍՊԸ-ի վարձույթի սրահի մուտքից աջ պատին տեղադրված «Հերց. Քար Ռենթալ. /096/584818. Դաբլյու-Դաբլյու-Դաբլյու.հերց.էյ.էմ» («Hertz.Car Rental./096/584818.www.hertz.am»), ներսում տեղադրված «Հերց» («Hertz»), շենքի, որի տարածքում վարձույթի սրահն է, ձախ հատվածի լուսամուտախորշի ներքևում տեղադրված «Հերց. Ռենթ ը Քար» («Hertz.Rent a Car»), նույն շենքի ձախ հատվածի լուսամուտախորշին հաջորդող պատին տեղադրված «Հերց. Ռենթ ը Քար» («Hertz.Rent a Car») գրառումները ոչ հայերեն են: Արդյունքում, հիմք ընդունելով միայն օտարալեզու և/կամ օտարատառ ձևավորմամբ լինելու փաստերը, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 9-րդ, 10-րդ, 11-րդ, 14-րդ 189.3-րդ հոդվածներով, 254-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 255-րդ հոդվածով, ՀՀ գերագույն խորհրդի` «Լեզվի մասին» ՀՀ օրենքի կիրառման կարգի մասին»` 1993 թվականի մարտի 30-ի Հ.Ն-0774-1 որոշմամբ, վարչական իրավախախտման կատարման վայրում` «Տրավլեքս» ՍՊԸ` Երևանի Աբովյան 7 հասցեում գործող վարձույթի սրահում, վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցվել «Տրավլեքս» ՍՊԸ-ի տնօրեն Ռոբերտ Հակոբյանի նկատմամբ և կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 2012 թվականի մայիսի 30-ի թիվ 044 արձանագրությունը։

 

Դատարանը սույն գործով եկել է եզրահանգման, որ «Hertz» ապրանքային նշանի օգտագործումը` համապատասխան ցուցանակներն այդ ապրանքային նշանի վերարտադրությամբ ձևավորելով, թույլատրելի է, հետևաբար նման գործողությունը չի կարող որակվել որպես իրավախախտում։ «Տրավլեքս» ՍՊԸ-ի ցուցանակներում զետեղված գրառումը` «Hertz», իրենից ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված «Hertz» օտարատառ ապրանքային նշանի վերարտադրություն։ Հիշյալ ապրանքային նշանի օգտագործման իրավունք ունի «Տրավլեքս» ՍՊԸ-ն։ Սա նշանակում է, որ ընկերության կողմից ցուցանակներում ապրանքային նշանի ամրագրումն իրենից ներկայացնում է դրա օգտագործում` արտահայտված որպես գովազդ կամ վաճառքի առաջարկ պարունակող ցանկությամբ։ Իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 7-րդ հոդվածի համաձայն` ոչ ոք չի կարող վարչական իրավախախտման կապակցությամբ ներգործության միջոցի ենթարկվել այլ կերպ, քան օրենսդրությամբ սահմանված հիմունքներով ու կարգով։
Դատարանը գտել է, որ «Տրավլեքս» ՍՊԸ-ի կողմից թույլ չի տրվել Օրենսգրքի 189.3-րդ հոդվաին համապատասխանող վարքագիծ, հետևաբար ընկերության տնօրենին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հայցվորի պահանջը հիմնավոր չէ և ենթակա է մերժման: 2012 թվականի հոկտեմբերի 9-ին դատարնը վճիռ է կայացրել, որով մերժել է ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության ընդդեմ «Տրավլեքս» ՍՊԸ-ի տնօրեն Ռոբերտ Հակոբյանի ներկայացրած հայցը:

 

Սույն վճիռը 2012 թվականի նոյեմբերի 5-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության կողմից բողոքարկել է Վերաքննիչ վարչական դատարան:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել