Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի` Դանիել Մ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ X զորամասի զինծառայող, կոչումով շարքային, 2012թ. օգոստոսի 31-ին` ժամը 11:30-ի սահմաններում, զորամասի շարահրապարակի հետնամասի մոտակայքում գտնվող պարսպի մոտ կատարել է անդամախեղություն, այն է` ածելիով զույգ նախաբազուկների կոտրած վերքերի և ձախ նախաբազուկի քերծվածքների ձևով մարմնական վնասվածքներ է պատճառել իրեն, որոնք առաջացրել են առողջությանը թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով:
Նշված արարքից հետո զինվորն անմիջապես դիմել է զորամասի բուժկետ, դրանով իսկ խուսափել է զինվորական ծառայության պարտականությունները ժամանակավորապես կատարելուց:
Գործով որպես իրեղեն ապացույց է ճանաչվել Բիգ տեսակի սափրվող սարքի մասնիկները.
Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասի` իրեն որևէ վնասվածք պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի, կեղծ փաստաթղթեր օգտագործելու կամ խաբեության այլ միջոցով կամ ապօրինի այլ եղանակով զինծառայողի կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելը` պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Զինվորի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորում:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net