Քաղաքում՝ բարձրահարկ շենքերի նկուղներում, կան այնպիսի «օբյեկտներ», որոնց մասին բողոքները շատ են։ Դրանցից որոշների վրա «մերսման սրահի» փոխարեն գրում են՝ հոսթել, այսինքն գիշերակացի վայր, ինչն օրենքը շրջանցելու միջոց է։
Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ իր և Հովհաննես Հովհաննիսյանի կողմից ներկայացված «Առևտրի և ծատայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին քննարկման ժամանակ։
«Նպատակն է՝ մատաղ սերնդին հեռու պահել նման արատավոր երևույթներից։ Սա հանրային խնդիր է և մենք օր առաջ պետք է այն լուծենք: Մենք բոլորս նկատել ենք, որ քաղաքում տարբեր բարձրահարկ շենքերի նկուղներում նման օբյեկտներ կան և բողոքները շատ-շատ են։ Զարմանալի մի բան ասեմ՝ օրենքը դեռ ուժի մեջ չի մտել, բայց քաղաքն ամբողջովին մաքրել են մերսման սրահներից։ Երևի՝ կանխազգալով, որ ավելի անպատրաստ կլինեն, երբ միանգամից սկսեն ճնշել, գործընթաց են սկսել ու չկան դրանք։ Ցավալի մի փաստ եմ արձանագարել, մասնավորապես Մաշտոցի պողոտայի վրա, որտեղ «մերսման սրահի» փոխարեն գրելեն՝ «հոսթել», այսինքն գիշերակաց, սա կարող է օրենքը շրջանցելու հնարավորություն լինի, որի համար մենք պետք է պատկան մարմինների ուշադրությունը հրավիրենք այստեղ, որպեսզի չօգտվեն սողանցքից, թե չէ ստիպված կլինենք առանձին օրենք մշակել նաև հոսթելների համար»,-նշեց պատգամավորը։