Առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված անչափահասը, «Փախստականների և ապաստանի մասին» օրենքի իմաստով, 18 տարին չլրացած` Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական ներկայացուցիչ (ծնողներ (ծնող), խնամակալ, հոգաբարձու) չունեցող ապաստան հայցող կամ փախստական երեխան է:
Առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված անչափահասի նկատմամբ կիրառվում են վերոնշյալ օրենքով նախատեսված ապաստանի ընդհանուր ընթացակարգերը, եթե նշված օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով այլ բան նախատեսված չէ: Առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված անչափահասներն ունեն ապաստան հայցողների կամ փախստականների համար սահմանված նույն իրավունքները, եթե նշված օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով այլ բան նախատեսված չէ:
Միգրացիոն պետական ծառայությունը պետք է աջակցի առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված անչափահասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով երեխայի տեղավորմանը և խնամքի ապահովմանը, ինչպես նաև նրա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բոլոր իրավունքների իրացման հարցերում:
Առանց ուղեկցողի անչափահաս ապաստան հայցողների կամ փախստականների հարցերի հետ առնչություն ունեցող բոլոր պետական մարմինները (ՀՀ կառավարություն, Ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն և այլն), հաշվի առնելով առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված անչափահաս ապաստան հայցողների առանձնահատուկ վիճակը, առավելագույնս ելնելով նրանց շահերից` իրենց իրավասությունների շրջանակներում պետք է աջակցեն նրանց:
Միգրացիոն պետական ծառայությունը առանց ուղեկցողի և ընտանիքից անջատված անչափահաս ապաստան հայցողների կողմից ապաստանի տրամադրման դիմում ներկայացնելուն պես դիմում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, անհրաժեշտության դեպքում` Երեխաների պաշտպանության բաժիններ` առանց ուղեկցողի և ընտանիքից անջատված անչափահաս և հաշմանդամ ապաստան հայցողների տեղավորումն ու խնամքը կազմակերպելու հարցով:
Աղբյուրը` Իրավաբան.net